Պայծառ ապագա (3)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i141114-Պայծառ_ապագա_(3)
Բարեկամներ ներկայացնում ենք «Պայծառ ապագա» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում խոսելու ենք Իրանի թագավորական համակարգի կարևորագույն հիմքը հանդիսացող օտար ուժերից կախված Իրանի բանակի մասին, և ներկայացնելու ենք թագավորական ռեժիմի տապալումից հետո Իրանի ռազմական նվաճումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 19, 2021 05:30 Asia/Tehran

Բարեկամներ ներկայացնում ենք «Պայծառ ապագա» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում խոսելու ենք Իրանի թագավորական համակարգի կարևորագույն հիմքը հանդիսացող օտար ուժերից կախված Իրանի բանակի մասին, և ներկայացնելու ենք թագավորական ռեժիմի տապալումից հետո Իրանի ռազմական նվաճումները:

Իսլամական հեղափոխության կարևորագույն ձեռքբերումներից է ազատությունն ու անկախությունը: Իրանի ժողովրդի համար ազատության ու անկախության իմաստն ու նշանակությունը հասկանալու համար, նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձանք իսլամական հեղափոխության հաղթանակին նախորդող տարիներին, օտարներից կախվածությանն ու տիրող խեղդող մթնոլորտին:

1953 թ. Դոկտոր Մոսադեղի ազգային կառավարության դեմ հեղաշրջումից հետո, Մոհամմադ Ռեզայի բռնապետական ռեժիմը պահպանելու համար Միացյալ Նահանգները ստեղծեց ամենահայտնի լրտեսական կազմակերպություններից մեկը, որը կոչվում էր ՍԱՎԱՔ՝ ցանկացած ազատատենչի ձայնը լռեցնելու համար: Նախորդ թողարկման ընթացքում խոսեցինք այն մասին,  թե ԱՄՆ-ը ինչպես է ստեղծել ՍԱՎԱՔ-ը: ՍԱՎԱՔ լրտեսական կազմակերպությունից բացի, Մոհամմադ Ռեզան փորձեց ստեղծել տարածաշրջանի ամենամեծ բանակը` զինելով այն ամերիկյան և Արևմտյան Եվրոպայի երկրների բոլոր տեսակի զենքերով, նպատակ ունենալով ոչնչացնել ցանկացած ընդդիմադիր ձայն:

Այսպիսով, Իսլամական հեղափոխության հաղթանակից առաջ, Իրանը դարձավ ամերիկյան զենքի ամենամեծ գնորդներից մեկն աշխարհում: Մոհամմադ Ռեզայի կառավարության կողմից զենքի գնումների քանակը Իսլամական հեղափոխության հաղթանակի և Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական ձեռքբերումների մեծության մասին է վկայում:

Մոհամմադ Ռեզան և նրա հայրը ժողովրդական աջակցություն չունեին, և նրանք ապավինել էին ամբողջովին Արևմուտքից կախված բանակի ընդարձակմանն ու սպառազինմանը: Պատմությունը վկայում է այն մասին, որ Փահլավի երկու թագավորներն էլ, ապավինելով բանակին, կարողացան իշխանություն ձեռք բերել և պահպանել իրենց միապետության հիմքերը: Ուստի Փահլավիի բանակը, հատկապես Մոհամմադ Ռեզա Շահի օրոք, դարձավ հատուկ, սիրված և վստահելի կազմակերպություն:

Մոհամմադ Ռեզա Փահլավին, ով ականատես էր եղել իրանական բանակի նվաստացմանը դաշնակից ուժերի կողմից 1940-ի սեպտեմբերին, դաշնակիցների ղեկավարների համաձայնությամբ իշխանության գալուց հետո իր հիմնական օրակարգում դրեց բանակի արդիականացման հարցը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իրանի քաղաքական և ռազմական զարգացումներում ամերիկյան արդյունավետ գործողությունների արդյունքում, այդ երկիրը երիտասարդ շահի կողմից ընտրվեց որպես իրանական բանակի արդիականացման խորհրդատու: Գործընթաց, որը Իրանի բանակին վերածեց կախված մի  կառույցի և դարձեց զինանոց ամերիկյան սպառազինության ամբարման համար:

Իրանի ժամանակակից պատմության հետազոտող՝ Մոհամադ Չիթսազյանը բանակը առանցք ունենալու Ռեզա Խանի ու նրա որդու մոտեցման մասին գրում է.«Ռեզա Շահի թագավորության օրոք, հաշվի առնելով նավթի հայտնաբերումն ու դրանից գոյացած պետության եկամուտները, երկրում բռնապետությունն ավելի հզորացավ:

Արդյունքում, ռազմական և անվտանգության հաստատությունները, հատկապես բանակը,  հատուկ դերի և դիրքի արժանացան: Այնպես որ, ըստ որոշ գիտնականների և հետազոտողների, բանակը դարձավ Ռեզա Շահի կառավարության գլխավոր հենարանը: Փաստորեն, այլ կառույցները, ինչպիսիք են կառավարությունը և խորհրդարանը, կորցրեցին իրենց նշանակությունը, և բանակը դարձավ իշխանության հիմնասյունը: Մոհամմադ Ռեզա Փահլավիի իշխանության գալուց և Իրանում միապետությունը ստանձնելուց հետո, քաղաքական գործիչների մեծ մասը լավ հուշեր չունեին քաղաքական հարցերում բանակի ներգրավվածության կապակցությամբ և որոշեցին սահմանափակել զորայինների միջամտությունը միայն ռազմական գործերում, սակայն դա նրանց չհաջողվեց:

Փաստորեն, պատմությունը կրկնվեց երկրորդ Փահլավիի  օրոք, և քաղաքական գործերում բանակի ներգրավվածությունն ու բանակի դերն ու դիրքը ոչ միայն չնվազեց, այլև ավելի մեծ նշանակություն ստացավ, և, ինչ-որ իմաստով, կրկին դարձավ թագավորության հիմնասյունը: Դա երկու տեսանկյունից շահավետ էր ԱՄՆ-ի համար. նախ թագավորը մեծ քանակությամբ սպառազինություն էր գնում ԱՄՆ-ից և խորհրդականներ էին գործուղվում Իրան, իսկ երկրորդ հերթին Փահլավիների երկրորդ թագավորը տարածաշրջանում ԱՄՆ-ի ժանդարմի դերն էր կատարում:

Իրանի ժամանակակից պատմության հետազոտող՝ Սեյեդ Մորթեզա Հաֆեզին այդ ժամանակ բանակի ուժեղացման քաղաքականության վերաբերյալ այն համոզման է, որ 1953-ի հեղաշրջմանը հաջորդած տարիներին, զինված ուժերի հզորացումը սառը պատերազմի տարիներին ԱՄՆ-ի տարածաշրջանային և միջազգային ռազմավարությունների և քաղաքականության շրջանակում էր տեղի ունենում: ԱՄՆ-ի օգնությունները միտված էին հզորացնել Իրանի ԶՈՒ-ի չորս ստորաբաժանումներին, ռազմական օգնություն ցուցաբերել, խորհրդականներ ուղարկել, սարքավորումներ ու զենք վաճառել »: Արաբա-իսրայելական չորրորդ պատերազմն սկսվելով՝ 1970-ականների սկզբին նավթի գներն աճեցին ու կրկնապատկվեցին: Գնի այս աճը հանգեցրեց նրան, որ Իրանի նավթի եկամուտը հասավ 21 միլիարդ 400 միլիոն դոլարի՝ օրական միջին հաշվով 6 միլիոն բարել արդյունահանմամբ:

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին ուղարկված ամերիկացի փորձագետների զեկույցի համաձայն՝ 1973-1978 թվականների հնգամյա ծրագրում նշված է, որ Իրանն իր ունեցվածքի 31 տոկոսը հատկացնում է ռազմական ծախսերին, որից մինչև 80 տոկոսը հատկացվել է դրսից հատկապես ԱՄՆ-ից գնումների վրա, զենքեր, որոնք, ըստ Մոհամմադ Ռեզա Շահի, համարվում էին անօգուտ սարքավորումներ և շատ բարձր գներով վաճառվում էին Իրանին: ԱՄՆ դեսպանատան տնտեսագիտության դեպարտամենտին հղված ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության գաղտնի զեկույցում ասված է, որ ԱՄՆ-ի զենքի վաճառքը Իրանին ամեն տարի աճում է. Այնպես որ 1972-ից 1977 թվականներին, Իրան զենքի արտահանումը 524 միլիոն դոլարից հասել է մոտ 4 մլրդ դոլարի: Փաստորեն, Փահլավիի ռազմատենչությունը, գաղափարական տեսանկյունից, վերաբերում էր մի իդեալի, ըստ որի՝ ռազմական ուժերը գերակշռում էին քաղաքականության հիմքերին և մարդկանց սոցիալական կյանքի սկզբունքներին:

Մոհամմադ Ռեզա Շահը նախքան ռազմական հզորացումը տնտեսական զարգացումն անօգուտ էր համարում և Le Monde թերթին տված հարցազրույցում ասել է.«Իրանի համար տնտեսական հզորությունն անիմաստ է առանց ռազմական հզորության»: Նա դա արդարացնում էր նույնիսկ ժողովրդի սովի գնով, այնպես որ ԱՄՆ-ի դեսպանին ասել էր. «Ես կապահովեմ իմ երկրի պաշտպանական բյուջեն, նույնիսկ եթե դա լինի ժողովրդի սովի գնով»:

Մոհամմադ Ռեզայի իշխանության դեմ ընդդիմությունն աճելով, ժողովրդական լեգիտիմության բացակայության և հասարակության մեջ բանակի մասին կոշտ տպավորություն լինելու պատճառով, նա ռազմական մեքենան և ռեպրեսիվ ապարատը ուժեղացնելուց բացի այլ ելք չուներ: Մուհամմադ Ռեզայի միապետության խորհրդականներից և բարձրաստիճան պաշտոնյաներից Հոսեյն Ֆարդուսթը 1953 թ. հեղաշրջումից հետո, տարիներ շարունակ շահի ռազմական ռազմավարությունն ամփոփում է երեք տարրերում. «Շահի ինտենսիվ և բյուրոկրատական վերահսկողությունը բանակի վրա, ամերիկացի խորհրդականների լիարժեք օգտագործումը զինվորականների վերապատրաստման գործընթացում և բանակն ամերիկյան զինանոցի վերածելը: Մոհամմադ Ռեզա Փահլավի ռազմական մոլագարությունը հանդարտվել էր մեծ գումարներով ձեռք բերած սպառազինությամբ, սակայն նա աչք էր փակել երկրի ներքին իրողությունների և ժողովրդի դժգոհության վրա, ինչը անօգուտ դարձրեց նրա այդ քայլը»:

1968 թ.-ին Ռիչարդ Նիքսոնի նախագահությունն սկսվելով և Հենրի Քիսինջերի ակտիվ դերը,  նախ որպես ազգային անվտանգության հարցերով խորհրդական, իսկ հետո որպես՝ ԱՄՆ-ի պետքարտուղար, շրջադարձային նշանակություն ունեցավ Միացյալ Նահանգների հետ Իրանի հարաբերություններում: Պարսից ծոցից Բրիտանիայի դուրս գալը, Վիետնամի մեծածախս պատերազմը և կախված պետությունների ստեղծման ու ամրապնդման առանցքայնությամբ Նիքսոն-Քիսինջեր դոկտրինան պատճառ դարձավ Իրանն ու ԱՄՆ-ը համաձայնության գան սպառազինական կարևոր պայմանագրերի շուրջ: 1971 թ. փետրվարին տեղի ունեցավ զենքի ամենամեծ գործարքը Իրանի ու ԱՄՆ-ի միջև: Այդ տարի ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Իրանը 2 միլիարդ դոլար զենք է պատվիրել ԱՄՆ-ին: Պատվերը ներառում է 300 գերձայնային կործանիչ-ռմբակոծիչ, այդ թվում ՝ 138 McDonnell Douglas F-4 և 140 Northrop F-5 Tigers, 50 Lockheed C-130 Hercules տրանսպորտային ինքնաթիռ և գիշերային թռիչքների համար հարմար, օդ-երկիր հրթիռներով օժտված  Bell ընկերության 500 Cobra ուղղաթիռ: Հետագային այս թվին ավելացավ վեց Lockheed P3J Orion հետախուզական ինքնաթիռ: Իրանի կառավարության ամենաաղմկահարույց զենքի գործարքը 1974 թ.-ին 2.3 միլիարդ դոլարով Grumman ընկերության կողմից արտադրված ութսուն F-14 Tomcat ինքնաթիռների գնումն էր, որն այդ ժամանակ կապիտալիստական ​​աշխարհի ամենաժամանակակից ռազմական ինքնաթիռն էր: Անգամ ԱՄՆ-ի զինված ուժերը նոր էին պատվիրել այդ ինքնաթիռը: Մեծ քանակությամբ ամերիկյան  սպառազինության պատճառով տասնյակ հազարավոր ամերիկացի զորայիններ ու գործակալներ մուտք գործեցին Իրան: Իսլամական հեղափոխության հաղթանակի ժամանակ, Իրանում շուրջ 50 000 ամերիկացի խորհրդականներ կային:

Բարեկամներ հաջորդ հաղորդման ընթացքում խոսելու ենք տասնյակ հազարավոր ամերիկացի խորհրդականների Իրանից դուրս գնալուց հետո, ԻԻՀ ռազմական ձեռքբերումների մասին: