Նոռուզ՝ խաղաղության և բարեկամության խորհրդանիշ
Ամեն բացվող օրը նոր է, երբ ամեն ինչ կարելի է սկսել սկզբից, բայց այս նոր օրերից ոչ մեկը Նոռուզ չէ։
Հանուն բարեգութ և ողորմած Աստծու։ Հանուն գարնան, ծաղիկների ու բույսերի, հոսող ջրերի , անձրների ու ամպերի Արարչի։ Բարև Ձեզ մեր շատ սիրելի բարեկամներ: Շնորհավոր Ձեր նոր օրը։
Այո, ամեն բացվող օրը նոր է, երբ ամեն ինչ կարելի է սկսել սկզբից, բայց այս նոր օրերից ոչ մեկը Նոռուզ չէ։ Այո, նոռուզը նոր ու թարմ օր է, որի հետ միասին նորանում է ողջ բնությունը։ Բողբողջում են ծառերը։ Հողն արևին իր կուրծքն է բացում, բողբոջում են վարդերն ու նարգիզը, հալվում են սառցաբեկորները և հոսող ջրերն ընկնում իրար գիրկ ու շտապում դեպի հարթավայրեր, որպեսզի այնտեղ ծառեր, կանաչ տերևներ և թարմ պտուղներ աճեն։ Այս ամենը որ ուրախություն են պարգևում բոլորիս, Աստված է արարել մարդկանց համար։ Բոլոր մարդիկ, անկախ ռասայից, գույնից կամ լեզվից, իրավունք ունեն վայելելու այս բարիքներն ու գեղեցկությունները։

Այս մտածողությունը հակադրվում է մոնոպոլիզացիային ու ընչաքաղցությանը։ Մտածողություն, որը հանդիսանում է մարդկանց խաղաղության, ազատության, բարեկամության ու իրավահավասարության հիմքը և Նոռուզը դարեր շարունակ եղել է այս մտքի պատգամաբերը։
Նոռուզը հիշեցնում է մարդկանց, որ բոլոր դժվարություններով հանդերձ, պետք է հաղթահարել խավարը, ցուրտն ու դժվարությունները և մտածել լուսավոր, կանաչ ու գեղեցիկ ապագայի մասին։ Բնությունը լավ ուսուցիչ է, եթե մարդիկ լավ ականջ ունենան նրան լսելու համար։
Յուրաքանչյուր արեգակնային Նոր տարվա սկզբում Նոռուզը մեզ համար կրկնում է բազմաթիվ դասեր՝ հատուկ ծեսերի ու սովորույթների տեսքով։ Այս ծեսերից մեկը, որից կարելի է շատ դասեր քաղել, «Հաֆթ սին»-ի սեղան պատրաստելն է։ Դարեր շարունակ ամեն տարի՝ տարեմուտից մի քանի ժամ առաջ, իրանցիները սփռոց են փռում, որի վրա դնում են պարսկերեն Ս տառով սկսվող յոթ բան: Դրանք են.
(սիր) — սխտոր
(սիբ) — խնձոր
(սաբզե) — ծիլեր (ցորենի կամ ոսպի)
(սենջեդ) — փշատ
(սերքե) — քացախ
(սամանու) — ածիկ
(սոմաղ)-- աղտոր
Հարց է ծագում, թե ինչո՞ւ իրանցիներն ընտրեցին այս յոթ բաղադրիչներն այս առանձնահատուկ տոնի համար: Երաժշտական կարճ դադարից հետո կխոսենք այդ մասին։
Սաբզեն ցորենի կամ ոսպի ծիլերի փունջն է։ Այն թարմության և բնության վերածննդի խորհրդանիշն է։ Անշունչ բնությունը, որ թիկունքում է թողել ձմռան ցուրտն ու խավարը, այժմ նորից բողբոջում է ու նորովի սկսում կյանքը, իսկ կանաչ ծիլերի փունջը, ողջ բնության կողմից, հայտնվում է «Հաֆթ սին»-ի սեղանին։
Կանաչ ծիլերի առկայությունը, որի հետ երբեմն դնում են նաև նարդոսի ծաղիկներ, հիշեցնում է մեզ երկու կարևոր դաս։
Նախ՝ մահվանն ու լռությանը հաջորդում է նոր կյանք, և մենք պետք է մտածենք այն օրվա մասին, երբ կյանքը նորից կսկսվի, նախքան մահվան խավարի մեջ ընկղմվելը:
Այդ օրը, եթե պատշաճ պաշար չունենանք, կնմանվենք ոչ-պիտանի սերմերի, որոնք չեն կարող բողբոջել և աճել անգամ գարնանը և կզրկվեն այն ամենից, ինչը կոչվում է կյանք։

Կանաչ ծիլերի երկրորդ դասը խավարն ու տգեղությունը մոռանալն ու թարմությամբ և առատաձեռնությամբ լի նոր կյանքի մասին մտածելն է։ Ինչպես բնությունը, եկեք մենք էլ ամեն ինչ անենք ուրիշներին նվիրելու և մեր կյանքի ուրախությունը նրանց հետ կիսելու համար: Այս ծիլերի երկու դասերը կապված են միմյանց հետ, քանի որ առատաձեռնությունն ու ուրիշների հետ ամեն հարցում կիսվելը կարող են լավ պաշար լինել այն օրվա համար, երբ մենք կսկսենք մեր նոր կյանքը:
Խնձորն առողջության և բարեկեցության խորհրդանիշն է։ Իրանցիները «Հաֆթ սին»-ի սեղանին դնելով գեղեցիկ ու առողջարար խնձորներով լի աման, բոլորին մաղթում են առողջություն և երկարակեցություն։ Այս օրերին, չնայած կորոնավիրուսին, բոլորի համար դժվար է դարձել այս երազանքին հասնելը, սակայն մենք չենք հրաժարվում մեր երազանքն իրականացնելու փորձերից և շարունակում ենք բոլորին մաղթել քաջառողջություն։ Ֆիզիկական առողջություն ունենալը բոլորիս համար շատ կարևոր է, սակայն չպետք է մոռանալ, որ մեր հոգու առողջությունն առավել քան անհրաժեշտ է։

Կորոնավիրուսը գուցե կարողացել է վտանգել շատ մարդկանց ֆիզիկական առողջությունը, բայց երբեք չի կարող սպառնալ մեր հոգիների առողջությանը։ Այն, ինչ սպառնում է մեր հոգիների առողջությանը, սխալ մշակույթներն են և ընչաքաղց մարդկանց անտեղի պահանջները: Ցավոք ժ, այսօր բազմաթիվ լրատվամիջոցներ այս կեղծ մշակույթների և անտեղի պահանջների փոխանցողներն են: Այս մեդիա գրոհի ժամանակ մենք պետք է առավել քան անցյալում, ուշադրություն դարձնենք մեր հոգու առողջությանը: Մեդիագրագիտությունը կարող է օգնել մեզ հասնել այս նպատակին: Հետաքրքիր է, որ մեդիագրագիտությունը պարսկերենում նույնպես սկսվում է «Ս» տառով։ Պարսկերեն «Սավադե ռեսանեի» նշանակում է մեդիագրագիտություն:
«Հաֆթ սին» սեղանի մյուս բաղադրիչը Սամանուն (ածիկ) է։ Սամանուն հալվայի նման ուտեստ է, որը պատրաստվում է ցորենի ծիլերից և շատ սննդարար է ու էներգիայով լի։ Իրանցիները սամանուն համարում են սննդի առատության խորհրդանիշ և այն դնելով «Հաֆթ սին»-ի սեղանին՝ մաղթում են, որ բոլոր մարդիկ ունենան առողջ և բավարար սնունդ։
Նրանք Աստծուց հայցում են, որ գալիք տարին լինի բարիքներով լի, որպեսզի բոլորը հասանելիություն ունենան առողջ սննդին։ Սա այսօրվա մեր աշխարհի երազանքներից մեկն է։ Տարիներ շարունակ տեղական, ազգային կամ միջազգային հաստատություններն ու կազմակերպությունները աշխատում են վերացնել սննդամթերքի ոլորտում առկա խտրականությունը, սակայն նույն սխալ մշակույթները և ընչաքաղց անձանց ու կառավարությունների անհիմն պահանջները խոչընդոտել են այս մարդասիրական նպատակի իրականացմանը: Չնայած բոլոր ջանքերին, աշխարհում դեռ շատ մարդիկ կան, որոնց հասանելի չէ առողջ և բավարար սնունդը, և ամենավատն այն է, որ այս պատճառը ոչ թե սննդի պակասն է, այլ մի խումբ մարդկանց շատակերությունն ու ագահությունն ինչի արդյունքում աշխարհի մի անկյունում սնունդը կուտակվում է, մեկ այլ անկյունում մարդկանց չի հերիքում: Եվ սա անարդարություն է:
Սխտորը, որ պարսկերենով սիրն է և քացախը՝ սերքեն, մաքրության և աղտոտվածությունը հեռացնելու խորհրդանիշներն են: Մեկը վերացնում է ներքին աղտոտվածությունը, մյուսը՝ արտաքին։ Իրանցիները սխտորը օգտակար էին համարում մարմնի առողջության և բազմաթիվ հիվանդությունների համար, իսկ քացախն օգտագործում էին միջավայրը ախտահանելու համար։ Այս հատկությունները ներկայումս ևս հաստատված են ժամանակակից գիտության կողմից, և նույնիսկ կորոնավիրուսի բռնկման ժամանակ, շատ բժիշկներ խորհուրդ են տվել օգտագործել դրանք:
Բայց «Հաֆթ սին»-ի սեղանին սխտոր ու քացախ է դրվում տգեղություններից ու չարությունից ազատվելու համար։ Այս երկուսը մեզ հիշեցնում են, որ նոր տարին պետք է սկսել անախորժություններից ու թշնամանքից հեռու։ Բնության նման նոր կյանք սկսելու համար, մենք պետք է մեր սրտերն ու հոգիները մաքրենք տգեղությունից, խավարից ու չարությունից: Բնության հետ միասին մենք մեր սրտերին կրկին հնարավորություն ենք տալիս թարմանալ, բողբոջել և շնչել սիրո, բարության ու ջերմ մթնոլորտում: «Հաֆթ սին»-ի սեղանին սիրո ու ջերմության խորհրդանիշն է փշատն ու աղտորը՝ պարսկերեն՝ սենջեդ և սոմաղ։ Իրանցիները համոզված էին, որ փշատի ծաղկի բույրը մեծացնում է սրտերի սերը և նրանց ավելի ու ավելի է մոտեցնում իրար, ինչպես աղտորի հատիկները:
Եթե մենք սոցիալական մոտեցում ցուցաբերենք Նոռուզի բոլոր դասերին, անշուշտ, կարող ենք տեսնել ավելի լավ և անկեղծ հարաբերություններ ժողովուրդների ու կառավարությունների միջև, և կայունացնել խաղաղության գաղափարը: Այս դասերով մենք վստահաբար կարող ենք ազատել մեր աշխարհը բռնության և պատերազմի այլանդակությունից: Մեր աշխարհը կլինի այնպիսին, ինչպիսին մենք կարծում ենք: Եթե մենք մտածենք ուրիշներին իշխելու և կյանքից նրանց չափաբաժինը խլելու մասին, կունենանք թշնամանքով լի աշխարհ, բայց եթե մտածենք առատաձեռնությամբ, սիրով և արդարությամբ լի աշխարհի մասին, ապա բռնությունից ու պատերազմից հետք չի մնա:

Եվ այս բոլորն այն մտավոր և մշակութային արմատներն են, որոնք իմաստ են փոխանցել Նոռուզին և դարեր շարունակ այն հավերժացրել բազմաթիվ մարդկանց մեջ: Երբ իսլամը մուտք գործեց իրանցիների երկիր, նոռուզի ծեսերում առկա այս գեղեցիկ մտքերը իսլամին մղեցին հաստատել այս ավանդույթը և այն ներկայացնել որպես աղոթքի և նվիրումի, բոլոր մեղքերից ապաշխարելու և բոլոր չարիքներից հեռու մնալու ժամանակահատված: Իսլամի մարգարեի (խաղաղություն և Ալլահի օրհնությունը լինի նրա վրա) տեսանկյունից՝ այն օրը, որ մենք մեղք չենք գործում, Նոռուզ է, և մեծագույն մեղքերը՝ ուրիշների իրավունքները ոտնահարելն է և անարդարությունը: Նոռուզը ծագել է արդարություն փնտրելու գաղափարից, դա հենց այն է, որի համար ծագել է իսլամը: Այդ իսկ պատճառով իրանցիները, ծանոթանալով իսլամին, Ղուրանը դրեցին «Հաֆթ սին»-ի սեղանի վրա, և այդ ժամանակվանից Ղուրանն ու «Հաֆթ սին»-ն անբաժան են:
Այսօր ևս իրանցիները Նոր տարին սկսում են գարնան Արարչի խոսքերով և ձեռքերը բարձրացնելով առ Աստված, հայցում են, որ Աստված իրենց սրտերը դարձնի բնության պես թարմ ու գեղեցիկ։
Նրանք այսպես են դիմում Աստծուն. «Ով Տեր Աստված, մեզ տուր զորություն, որպեսզի նոռուզյան գաղափարների լույսի ներքո կարողանանք հասնել իսլամի իդեալներին, աշխարհից արմատախիլ անել պատերազմը, բռնությունն ու անարդարությունը, իսկ խաղաղության ծիլերը վերածվեն հզոր ծառի: Ամեն»: