Իսլամական Հանրապետության օրը՝ կրոնական ժողովրդավարության սկիզբը
Իրանական Ֆարվարդին ամսի 12-ը հռչակվել է Իսլամական Հանրապետության օր, որը խորհրդանշում է Իրանի Իսլամական Հանրապետության համակարգում ժողովրդի կամքը, դերն ու ազդեցությունը։
1979 թվականի փետրվարի 11-ին իսլամական հեղափոխության փայլուն հաղթանակից հետո, նույն տարվա մարտի 31-ին և ապրիլի 1-ին, ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնիի առաջարկով, Իրանի ողջ տարածքում անցկացվեց հանրաքվե: Հանրաքվեին մասնակցեց Իրանի բնակչության 98.2 տոկոսը: Հանրաքվեի արդյունքում ժողովուրդն «Այո» ասաց Իսլամական Հանրապետւթյան սրբազան համակարգին:
Պատմության մեջ որևէ դեպք չի գրանցվել, երբ հեղափոխությունից 50 օր անց, որևէ երկրում անցկացվի հանրաքվե: Եվ դա էր պատճառը, որ նախքան հանրաքվեի անցկացումը, որոշ շրջանակներ նշում էին, որ հեղափոխության նկատմամբ մարդկանց աջակցությունը համընդհանուր, հստակ ու թափանցիկ է և հանրաքվեի անցկացման կարիք չկա: Սակայն լուսահոգի իմամը պնդեց, որ հանրաքվեն տեղի ունենա:
Ժողովրդին ուղղված իր ուղերձում, ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնին ասաց. «Այս հանաքվեն որոշելու է մեր ժողովրդի ճակատագիրը: Այն ձեզ կտանի դեպի անկախություն ու ազատություն, կամ, ինչպես նախկինում, դեպի կեղեքում և ուրիշներից կախվածություն: Բոլորը պետք է մասնակցեն այս հանրաքվեին: Դուք ազատ եք թղթի վրա գրել՝ Ժողովրդավար հանրապետություն կամ միապետություն: Դուք ազատ եք ձեր ընտրության մեջ»:
Այդ մեծ օրն Իրանի հեղափոխական ու բարեպաշտ ժողովուրդն իր իրականացրած հեղափոխության հիմքերն ամրապնդելու նպատակով, վճռական որոշում կայացրեց և ճնշող մեծամասնությամբ մասնակցելով հանրաքվեին, ցույց տվեց իր միասնությունը, համախմբվածությունն ու կերտեց պատմություն, վերջ դնելով Իրանում շահի ռեժիմի բռնապետությանը: Հանրաքվեի արդյունքում, ժողովրդի ձայների մեծամասնությամբ, Իրանում հաստատվեց իսլամական համակարգ, որը դարձավ իսլամական արժեքների և հասարակական կարծիքի վրա հիմնված ժողովրդավարական համակարգի մոդել: Իսլամական համակարգի հաստատումը ոչ միայն փաստեց սեփական ճակատագիրը տնօրինելու ժողովրդի կամքը և նրան բերեց ազատություն ու անկախություն, այլ աշխարհի ճնշված ժողովուրդներին հույս ներշնչեց, որ տարիներ շարունակ տառապանքներից ու ճնշումների ենթարկվելուց հետո, իրենք նույնպես ականատես կլինեն բռնատիրության դեմ ճնշվածների հաղթանակի վերաբերյալ Աստծու խոստման իրականացմանը:
ԻԻՀ առաջնորդ այաթոլլահ Խամենեին նշում է, որ այս հանրաքվեին մարդկանց ներկայությունն ու նրանց քվեն իսլամի ու իսլամական գաղափարների քվեն էր: Նա նշում է. «Իսլամական Հանրապետության օրն ունի ևս մեկ առանձնահատկություն: Այն կարող է լինել ոչ միայն իրանցիների տոնը, այլ բոլոր մուսուլմանների, այսինքն՝ մոտ մեկ միլիարդ մարդու տոնը: Նրանք՝ մուսուլման ժողովուրդները, սովորություն դարձրին, որ իսլամը մեկուսացած վիճակում տեսնեն: Այն ժամանակ, երբ մի ժողովուրդ հարձակողական դիրքորոշում է ընդունում բռնատեր ուժերի նկատմամբ, և իսլամի վրա հիմնված Հանրապետություն հաստատում, դա բոլոր մուսուլման ժողովուրդների համար հպարտության առիթ է: Եվ դա Իսլամական Հանրապետության օրվա առանձնահատկությունն է»:
Իրանի Սահմանադրության 56-րդ կետն ասում է. «Աշխարհի ու մարդկանց նկատմամբ բացարձակ իշխանությունը պատկանում է Աստծուն: Աստված մարդուն տվել է իր սոցիալական ճակատագիրը տնօրինելու իրավունք: Ոչ ոք չի կարող մարդուց խլել այս աստվածային իրավունքը կամ այն օգտագործել ի վնաս որևէ մեկի կամ խմբի շահերի: Ժողովուրդն Աստծու կողմից տրված այս իրավունքն իրացնում է Սահմանադրության մեջ նշված հաջորդ կետի սկզբունքներին համապատասխան»:
Իրանում իսլամական հանրապետության հաստատումը և Փահլավիների ռեժիմի տապալումը, բացի ներքին փոփոխություններից, տարածաշրջանում ու միջազգային շրջանակներում նույնպես փոփոխությունների պատճառ դարձան, որոնք չէին բխում գաղութատերերի շահերից: Եվ նրանք թշնամացան Իրանի ժողովրդի հետ:
Սակայն անկախության պահպանումը ծանր գին էր պահանջում: Իրանի թշնամիները փորձեցին տարբեր սադրանքներով, այդ թվում՝ երկրի դեմ պարտադրված պատերազմ հրահրելով, քաղաքական ու հեղափոխական գործիչներին սպանելով, տնտեսական պատժամիջոցներով ու այլ սահմանափակումներով, խոչընդոտել խաղաղ տեխնոլոգիաներին երկրի հասանելիությունն ու խաթարել ժողովրդի անկախությունը:
Հաղթանակից 43 տարի անց, իսլամական հեղափոխությունը, կուտակած փորձի, գիտելիքի, ժողովրդի միասնության ու համերաշխության շնորհիվ, այսօր կատարում է իր երկրորդ քայլը: Ապրիլի 10-ի հանրաքվեից հետո, Իսլամական Իրանն այսօր կանգնած է իսլամական դիմադրության վեհ գագաթին, որը ժողովրդին պարգևեց փառք, վեհություն ու անկախություն: