ՀՀ-ն և Սինգապուրը կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր են ստորագրվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i109238-ՀՀ_ն_և_Սինգապուրը_կրկնակի_հարկումը_բացառող_համաձայնագիր_են_ստորագրվել
Հայաստանը շահագրգռված է խորացնելու քաղաքական, տնտեսական և հումանիտար համագործակցությունը Սինգապուրի հետ: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուի հետ հանդիպմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 09, 2019 05:04 Asia/Tehran
  • ՀՀ-ն և Սինգապուրը կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր են ստորագրվել

Հայաստանը շահագրգռված է խորացնելու քաղաքական, տնտեսական և հումանիտար համագործակցությունը Սինգապուրի հետ: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուի հետ հանդիպմանը:

Լի Սյեն Լուն ողջունել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Սինգապուր և նշել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու պետությունների միջև համագործակցությանը տարբեր ուղղություններով: Սինգապուրի վարչապետի խոսքով` Հայաստանը և հայ ժողովուրդը իրենց երկրում վայելում են մեծ հարգանք ու իր գլխավորած կառավարությունը շահագրգռված է հայկական կողմի հետ ակտիվ գործակցություն ծավալելու հարցում: Լի Սյեն Լունը կարևորել է փոխգործակցությունը տնտեսության ոլորտում, ընդգծել առևտրատնտեսական կապերի զարգացման ու ընդլայնման անհրաժեշտությունը:

Վարչապետ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ երկկողմ արդյունավետ բանակցությունների արդյունքում հայ-սինգապուրյան կապերը հետևողականորեն կընդլայնվեն: Կառավարության ղեկավարը նշել է, որ ամբողջ աշխարհը տպավորված է Սինգապուրի զարգացման փորձով և ՀՀ-ն նույնպես այն համարում է օրինակելի: «Մենք շահագրգռված են խորացնելու քաղաքական, տնտեսական և հումանիտար համագործակցությունը, սերտացնելու կապերը ժողովուրդների միջև»,- ասել է վարչապետը` կարևորելով նաև հայկական և սինգապուրյան բիզնեսի միջև փոխգործակցության զարգացումը:

Վարչապետն անդրադարձել է կառավարության առաջնահերթություններին` հավելելով, որ դրանց նպատակն է Հայաստանը դարձնել տեխնոլոգիական տնտեսությամբ պետություն: Նիկոլ Փաշինյանը, այդ առումով, հատկապես կարևորել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացումը:

Հանդիպման արդյունքներով ՀՀ և Սինգապուրի կառավարությունների միջև ստորագրվել է եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը և Սինգապուրի պաշտպանության և արտաքին գործերի ավագ պետական նախարար Մալիկի Օսմանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի և Սինգապուրի զբոսաշրջության խորհրդի միջև ստորագրվել է զբոսաշրջության բնագավառում համագործակցության ամրապնդման մասին փոխըմբռնման հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետական նախարար Կոհ Պոհ Կունը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Սինգապուրի մշակույթի, համայնքների զարգացման և երիտասարդության հարցերի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի և Սինգապուրի Հանրապետության ազգային պարկերի խորհրդի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Հանդիպման ընթացքում երկու երկրների վարչապետները քննարկել են ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման, առևտրաշրջանառության ծավալների ավելացման, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ավիացիայի և այլ ոլորտներում համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ-ում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների ու բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Նիկոլ Փաշինյանը և Լի Սյեն Լուն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրմանը: Կողմերը համոզմունք են հայտնել, որ այն նույնպես նոր թափ կհաղորդի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:

Panarmenian.net