Արմեն Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին
https://parstoday.ir/hy/news/armenia-i109298-Արմեն_Սարգսյանն_ընդունել_է_Եվրոպական_խորհրդի_նախագահ_Դոնալդ_Տուսկին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հուլիս 10, 2019 13:12 Asia/Tehran
  • Արմեն Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը ողջունել է Դոնալդ Տուսկի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ նա մեծ բավականություն կստանա մեր երկիր կատարած այցից, մանավանդ որ Հայաստանն այն երկիրն է, որը կիսում է եվրոպական արժեքները։

«Հայաստանը ոչ միայն համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ, այլև այն երկիրն է, որը մասնավորապես մշակութային առումով խորապես եվրոպական է և միշտ է այդպիսին եղել։ Ուստի, ավելի քան բնական է, որ ավելի մոտ ենք դառնում Եվրամիությանը։ Հայաստանը մշտապես եղել է եվրոպական արժեքների բնօրրան՝ սկսած մեր կրոնից, մշակույթից մինչև գրականություն ու երաժշտություն»,- նշել է նախագահ Սարգսյանը։

Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ Հանրապետության նախագահը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում հարաբերությունները Եվրամիության հետ ավելի կսերտանան և կխորանան։ «Մենք դրա համար մեծ ներուժ ունենք»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը: Նա Դոնալդ Տուսկին հրավիրել է Հայաստան այցելել նաև ընտանիքի հետ։

Եվրոպական խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ սա իր երրորդ այցն է Հայաստան։ «Ես ինձ զգում եմ ինչպես տանը»,- նշել է նա։

Առանձնազրույցի ընթացքում Հանրապետության նախագահն ու Եվրոպական խորհրդի նախագահը մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն օրակարգային մի շարք հարցերի շուրջ, ինչպես նաև անդրադարձել տարբեր ոլորտներում համագործակցությանը։ 

Armenpress.am