Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին
https://parstoday.ir/hy/news/armenia-i109528-Զոհրաբ_Մնացականյանը_և_Ֆիլիպ_Ռիքերն_անդրադարձել_են_ԼՂ_հիմնախնդրի_կարգավորման_գործընթացին
Կրոնական ազատության հարցերով նախարարական երկրորդ համաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 16-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2019 15:19 Asia/Tehran
  • Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին

Կրոնական ազատության հարցերով նախարարական երկրորդ համաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 16-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Կրոնական ազատության հարցերով նախարարական համաժողովի անցկացումը՝ որպես համագործակցային հարթակ կրոնի և հավատքի ազատության պաշտպանության ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի համադրման համար:

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է կրոնի ազատության իրավունքի իրականացման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները՝  ընդգծելով վտանգված կրոնական խմբերի պաշտպանության անհրաժեշտությունը: Կողմերն առանձնահատուկ անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես, քրիստոնյաների պաշտպանության խնդիրներին: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-ամերիկյան գործընկերային և բարեկամական հարաբերությունների վերջին շրջանի դինամիկայի առնչությամբ՝ ընդգծելով, որ առկա երկկողմ հարուստ օրակարգը լավ հիմք է տարբեր ոլորտներում համագործակցության առավել ընդլայնման համար:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային կարևորության մի շարք հարցերի շուրջ:

Հայաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարն անդրադարձան նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին և հունիսի 20-ին Վաշինգտոնում կայացած հանդիպմանը: Երկուստեք առանձնահատուկ ընդգծվեց խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը:

 Armenpress.am