Կարանտինը խաբելու է մեզ, ոչ ավելի
https://parstoday.ir/hy/news/armenia-i121063-Կարանտինը_խաբելու_է_մեզ_ոչ_ավելի
Հայաստանում շարունակում է բարձր մնալ կորոնավիրուսային համավարակի նոր դեպքերի օրական վիճակագրությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2020 04:16 Asia/Tehran
  • Կարանտինը խաբելու է մեզ, ոչ ավելի

Հայաստանում շարունակում է բարձր մնալ կորոնավիրուսային համավարակի նոր դեպքերի օրական վիճակագրությունը:

Այդ հանգամանքը թողնում է երկակի տպավորություն: Նախ, ակնառու էր, որ տնտեսական սահմանափակումների չեղարկմանը զուգահեռ, անխուսափելիորեն աճելու էր վարակի տարածումը, առավել ևս թեստավորվող քաղաքացիների թվի աճի՝ թեստավորումների աճի պայմաններում: Այլ կերպ ասած, մենք, բացելով տնտեսությունը, անխուսափելի ունենալու էինք վարակի աճ: Սակայն ամենահետաքրքիրն այն է թերևս, որ Հայաստանում վարակի աճ արձանագրվում էր անգամ կարանտինի պայմաններում: Իհարկե, թվերը ավելի փոքր էին, սակայն աճման տենդենցով: Այդ ամենին զուգահեռ, վերջին հաշվով, հարկ է պատասխանել մի պարզ հարցի՝ հնարավո՞ր է վարակի զրոյացում որևէ ձևով, թե՞ ոչ:

Հաշվի առնելով այն, որ Հայաստանում վարակի տարածումը դուրս է եկել վերահսկողությունից, և դա դեռևս ապրիլին է արձանագրել առողջապահության նախարարը, գործնականում անհնար է պատկերացնել զրոյացման սցենար: Այն խիստ կարանտինը, որի մասին խոսում են շատ մարդիկ, կազմակերպություններ, անգամ քաղաքական ուժեր, միայն տեսականում կարող է դիտվել ելք: Գործնականում կասկած չկա, որ այն էլ ամառային տաք շրջանում հաջողվելու է քաղաքացիներին պարտադրել մի քանի շաբաթ խիստ կարանտին: Դա լինելու է անհնար, կամ ուժգին պարտադրանքի պարագայում բերելու է բազմաթիվ այլ հետևանքների, առողջականից մինչև սոցիալ-քաղաքական: Եվ ուրեմն, խիստ կարանտինի տարբերակը թերևս պետք է դիտարկվի որպես ամենածայրահեղ տարբերակ, երբ պարզապես չկա որևէ այլ ելք: Առաջին հերթին այստեղ հասկանալի է առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության խնդրի լուծման հանգամանքը: Բայց ավելի լավ է ամբողջ միտքն ու էներգիան ուղել առողջապահական կարողությունների արագ ընդլայնմանն ու, ըստ այդմ, վարակի մեծ ծավալի պայմաններում բուժման կարողությունների ապահովմանը, քան ավելորդ ուժ և եռանդ վատնել նոր կարանտինի անիմաստ փորձի վրա, հետո ընդամենը նորից հայտնվել նույն կետում՝ ժամանակի ու ռեսուրսի նոր կորստով:

Միևնույն ժամանակ, իհարկե, պետք է կիրառել վարակի կառավարման և տարածման տեմպի արգելակման վերահսկողական քաղաքականություն: Առավել ևս, ինչպես պնդում են տարբեր երկրների վարակաբանները, վերջին հաշվով, ելքը կամ վարակի զրոյացումն է՝ ինչ հաջողվել է բացառիկ երկրների, կամ կառավարումը՝ մինչ բնական իմունային պատնեշի ձևավորումը, որն արդեն ինքնաբերաբար կթուլացնի տարածումը:

1in.am