Միրզոյանը Արցախի ու Հայաստանի սահմանների հարցը քննարկել է Բրիտանիայի փոխպետքարտուղարի հետ
(last modified Tue, 07 Sep 2021 06:09:17 GMT )
Սեպտեմբեր 07, 2021 10:39 Asia/Tehran
  • Միրզոյանը Արցախի ու Հայաստանի սահմանների հարցը քննարկել է Բրիտանիայի փոխպետքարտուղարի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության (ՄԹ) Խորհրդարանական փոխպետքարտուղար, Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթնի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Արարատ Միրզոյանը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունը համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ՄԹ հետ համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ:

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության կարելի է հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա համապարփակ լուծման միջոցով:

Ուենդի Մորթոնն իր հերթին նշել է, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին:

ԱԳ նախարարը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը։

Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է նաև ներկայացրել Ադրբեջանի սադրիչ գործողությունների, մասնավորապես՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների ներթափանցման արդյունքում ստեղծված իրավիճակը:

Նա շեշտել է, որ Ադրբեջանի նման գործելաոճը խաթարում է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերը:

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները 2021թ.-ի մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Իսկ հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական Երասխի հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:

Սյունիքի, Գեղարքունիքի ու Արարատի մարզերի սահմաններին Ադրբեջանի հարձակողական  գործողություններն  շարունակական բնույթ է կրում։

Քաղաքական ղեկավարության խոսքով` խնդիրը կլուծվի դեմարկացիայից ու դելիմիտացիայից հետո։

armeniasputnik.am