ՀՀ զինված ուժերի ԳՇ պետի տեղակալ Ստ. Գալստյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i152174-ՀՀ_զինված_ուժերի_ԳՇ_պետի_տեղակալ_Ստ._Գալստյանին_կալանավորելու_միջնորդություն_է_ներկայացվել
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ս.Գ-ն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2021 11:46 Asia/Tehran
  • ՀՀ զինված ուժերի ԳՇ պետի տեղակալ Ստ. Գալստյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ս.Գ-ն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից:

 

Նույն օրը վերջինս նյութական ծանր հետևանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ, և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է նաև, որ քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ՝ հանցավոր մեխանիզմում ներգրավված այլ պաշտոնատար անձանց գործողություններն անհատականացնելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ:

Նշենք, որ նույն քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը, նաև զենք մատակարարող ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը, որ հանրությանն առավել հայտնի է «Պատրոն Դավո» մականունով:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: