Ալիեւն իրոք ծանր վիճակում է
Ահա այսպես է բնութագրում հեղինակավոր իրանագետ Վարդան Ոսկանյանը Իրանի եւ Ադրբեջանի ներկայիս հարաբերությունները. «Բաքվի բռնապետը հաճախ էր խոսում իր «փայլուն» արտաքին քաղաքականության համատեքստում Իրանի հետ բարելավված հարաբերությունների մասին:
Վերջին մի քանի օրերի ընթացքում Թեհրան-Բաքու հարաբերություններում լարումը հասել է գրեթե պատմական բարձրակետին եւ շատ մոտ է անդառնալիության կետն անցնելուն: Հետեւաբար, կարելի է արձանագրել, որ «փայլուն» քաղաքականության բոլոր ձեռքբերումներն իրանական ուղղությամբ այս պահին առ ոչինչ են դարձել: Եթե սրան գումարենք կոռուպցիոն բացահայտումների հետեւանքով Բաքվի բռնապետին հասցված նոր միջազգային հարվածը, ապա առերեւույթ հոխորտացող այս անձի դիրքերը թե՛ միջազգային ասպարեզում եւ թե՛ իր երկրի ներսում նկատելիորեն սասանվել են»:
ԻՆՉՈՒ Է ԼՌՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԸ
Իրոք, անզեն աչքով էլ է տեսանելի, թե ինչպես են Իրանի եւ Ադրբեջանի հարաբերություններն արագորեն մոտենում «անդառնալիության կետին»: Բայց ահա այս իրավիճակում Բաքվի «մեծ եղբայրը»՝ Անկարան, գոնե հրապարակային հարթակում նախընտրում է բարձրագոչ հայտարարություններով աչքի չընկնել: Ճիշտ է, դա ամենեւին էլ չի նշանակում, որ Էրդողանն Ալիեւին մենակ է թողել իրանական սպառնալիքների առաջ: Ընդհակառակը, ակնհայտ է, որ առանց Անկարայի համակողմանի աջակցության Բաքուն նման հանդգնություն չէր ցուցաբերի Թեհրանի նկատմամբ: Հաշվի առնելով նաեւ, որ Թեհրանի ներկա մտավախությունները կապված են «Զանգեզուրի միջանցքի» հետ, որն ունի թուրքական ծագումնաբանություն: Բայց փաստն այն է, որ այս ամենով հանդերձ, Ադրբեջանի սահմանների իրանական մասշտաբային զորավարժություններին Թուրքիան պատասխանեց միայն Նախիջեւանում բավականին համեստ վարժանքներով, իսկ հրապարակային հարթակում, կրկնենք, հիմնականում նախընտրում է լռությունը: Թե ինչու, կարելի է տարբեր վարկածներ առաջ քաշել: Օրինակ՝ չբացառենք, որ Պուտինի հետ հանդիպումից հետո Էրդողանը ստիպված եղավ ավելորդ ջերմեռանդությունից գոնե միառժամանակ զերծ մնալ: Կամ միգուցե փորձում է հասկանալ, թե Իրանը մինչեւ ուր կարող է գնալ, երբ Հայաստանի ուղղությամբ ամեն մի սահմանային փոփոխություն համարում է «կարմիր գիծ»՝ սպառնալով այն հատելու դեպքում ռազմական արձագանք տալ, ընդհուպ՝ ոչնչացնել Ադրբեջանը: Նաեւ հաշվի առնելով, որ ռազմական առումով Թուրքիային ամենեւին էլ չզիջող Իրանը ամենայն հավանականությամբ կստանա Հայաստանի եւ Արցախում տեղակայված ռուսական զորքերի եւ, խոշոր հաշվով, ռուսական բանակի աջակցությունը: Հաշվի առնելով նաեւ, որ երբ Իրանի կարծր դիվանագիտության պարագայում իրանական լրատվամիջոցներն ակտիվորեն շրջանառում են տարբեր, այդ թվում՝ իրանական ուղղվածության էթնիկ խմբերի միջեւ մասնատված Ադրբեջանի քարտեզներ, ապա դրան պետք չէ մատների արանքով նայել: Եվ այսպես շարունակ: Կարճ ասած, Անկարայի լռությունից կարելի է ենթադրել, որ թուրք-ազերիական տանդեմը համառորեն փորձեց «Զանգազուրի միջանցքի» ծրագիրը խաղարկել, սակայն բախվեց Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Պուտինի զգուշացումներին եւ Իրանի բացահայտ սպառնալիքներին, սկսել է գործադրել արգելակները: Հնարավոր տարբերակ է, սակայն նման տրամաբանության պարագայում աչքաթող կանենք այս մեծ խաղի ստվերային, բայց խոշոր խաղացողներից մեկին՝ Իսրայելին՝ բրիտանահրեական կապիտալի հզոր աջակցությամբ հանդերձ: Եվ այն, որ «Զանգեզուրի միջանցքի» հետ մեկտեղ Իրանի բոլոր մտահոգություններում ընդգծվում է նաեւ Իսրայելը, իհարկե, պատահական չէ:
ԻՍՐԱՅԵԼԻ ԱԿԱՆՋՆԵՐԸ
Այս մեծ խաղում Իսրայելի ստվերային, սակայն միանգամայն պատկառելի դերակատարման մասին իրանական բազում պնդումներից, որպես օրինակ, կարելի է ներկայացնել իրանցի նախկին դիվանագետ Ամիր Մուսավի պնդումը, որ Իրանի ունեցած տվյալների համաձայն՝ այս պահին էլ Ադրբեջանում է գտնվում 1000 իսրայելցի մասնագետ եւ «Իսլամական պետության» 1800 ահաբեկիչ: Իսկ ահա իրանցի փորձագետ Մոստաֆա Հոշչաշմը պնդում է, որ Իսրայելը մի քանի անգամ Ադրբեջանում իսրայելյան բազաներից հարձակումներ է գործել Իրանի ուղղությամբ եւ մեկ անգամ. «Իրականացվել են նաեւ ահաբեկչական գործողություններ, միջուկային փաստաթղթերի գողություն»: Իսկ ահա իրանցի պաշտոնյաներից՝ կարելի է հիշեցնել Իրանի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Կիոմարս Հեյդարիի հայտարարությունը՝ «Հայբեր նվաճողները» զորավարժությունների մեկնարկից առաջ. «Այս զորավարժություններն առանձնահատուկ նրբություն ունեն՝ տարածաշրջանի երկրներում Սիոնիստական ռեժիմի եւ ԻՊ-ի ահաբեկիչների թաքնված եւ բաց ներկայությունը: Ահաբեկիչները տարածաշրջան են ժամանել հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ՝ տարածաշրջանի երկրներից մեկի հրավերով...»: Ընդհուպ դիվանագիտական մակարդակներով այդ մտահոգությունները կան: Օրինակ, օրերս Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանը Թեհրանում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ դժգոհություն էր հայտնել Արաքս գետի հյուսիսային ուղղությամբ «սիոնիստների ներկայության» կապակցությամբ: Արդյունքում, իրանական նման դիրքորոշումը բերում է հետեւյալին: Իրանի համար Սյունիքն ու «Զանգեզուրի միջանցքի» անթույլատրելիությունն ունեն երկու առանցքային իմաստ: Առաջինը, Սյունիքն Իրանի համար հյուսիսային ուղղությամբ՝ դեպի ՌԴ եւ Եվրոպա կապի անփոխարինելի ելք է, որը «Զանգեզուրի միջանցքով» փակվելու դեպքում բազում խնդիրներ առաջ կբերի: Միեւնույն ժամանակ, թե նման միջանցք գործի, ապա Իրանի ողջ հյուսիսային սահմանամերձ հատվածը կվերածվի ԻԻՀ-ի դեմ հարձակողական պլացդարմի: Եվ ով իմանա, այդ իրավիճակում Իսրայելին վերջապես չի՞ հաջողվի ԱՄՆ-ին ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջ:
ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՑԵՆԱՐ
Այն, որ Հայաստանը դարձել է Իրանի դեմ մեծ արշավի թիրախ, տեսանելի էր ինչպես անցած պատերազմում ¥որի ժամանակ Իսրայելն ու Բրիտանիան անթաքույց համակողմանի աջակցում էին թուրք-ազերիական տանդեմին¤, այնպես էլ դեռ 2019թ. կեսերին, երբ Ադբրբեջան եւ Հայաստան այցելած Բոլթոնը պահանջում էր փակել Իրանի սահմանը: Նաեւ գաղտնիք չէ, որ պատերազմի օրերին Իրանը նորից զորքեր էր կենտրոնացրել Հայաստանի սահմաններին՝ պաշտոնապես զգուշացնելով, որ սահմանային փոփոխության փորձի դեպքում կմիջամտի: Ռուսական զորքերի՝ Արցախ եւ Սյունիք մուտքի արդյունքում դրա անհրաժեշտությունը մի պահ վերացավ, սակայն այն պահին, երբ Ադրբեջանը գնաց Կապանի ճանապարհը փակելու ուղղությամբ, իսկ Նիկոլը շտապեց սահմանային այդ հատվածը համարել Ադրբեջանի տարածք, Իրանը բոլոր հիմքերն ուներ ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ նիկոլյան թեւի գործողությունները համարել թուրք-իսրայելյան հարձակում, թերեւս աչքի առաջ ունենալով Հայաստանում բրիտանահպատակ նախագահի առկայության փաստը: Արդյունքը, ցուցադրական ակնարկներն էին, որ իրանական բանակն ամեն դեպքում կպաշտպանի Սյունիքը, եւ այդ մոտեցումն ի ցույց դրեց նաեւ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը՝ Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ավարտին, որ իրենք «թույլ չեն տա որոշ երկրների ազդել հարեւան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ Իրանի հարաբերությունների վրա... Մեր տարածաշրջանը ոչ մի դեպքում չի հանդուրժի նոր բարձրագոչ պահանջներ»:
Զուգահեռաբար, իրանցի նախարարը նաեւ հայտարարեց. «Առեւտուրն ու Հայաստանով անցնող տարանցիկ ուղին շահագործելը երկու երկրի համար փոխադարձ մտահոգության թեմաներից են... Մենք գործընթաց ենք մշակել, որը թույլ կտա արագորեն վերակենդանացնել երկու երկրի տարանցիկ ճանապարհները եւ ուղիները: Առաջիկա շաբաթներին մենք առավել մեծ ակտիվություն կտեսնենք երկու երկրի հարաբերություններում»: Ասվածը, հաշվի առնելով նաեւ Միրզոյանի երդումները, թե՝ Ադրբեջանի հետ որեւէ գաղտնի պայմանավորվածություն չկա, նշանակում է, որ Նիկոլը որոշել է կողմնորոշվել ռուս-իրանական ուղղության օգտի՞ն, կամ, նոր տերմինաբանությամբ ասած, «գցե՞լ» է թուրք-իսրայելյան ուղղությանը, դժվար է ասել, հաշվի առնելով, որ մեկ օրից կարող է նիկոլյան թեւից բոլորովին այլ հայտարարություն լսվել: Սակայն այն, որ Միրզոյանին ընդունելուց հետո Իրանի արտգործնախարարը մեկնում է Մոսկվա, որին էլ, ըստ ռուսների հայտարարության, Նիկոլին կընդունի Պուտինը, գալիս է հուշելու, որ այս անգամ ՌԴ-ն եւ Իրանը ոչ մի դեպքում ձեռքը պուլսից բաց չեն թողնելու: Համենայնդեպս, ռուսական աղբյուրներն արդեն իսկ ակտիվորեն խոսում են ՌԴ-Իրան-ՀՀ եռակողմ համագործակցության սցենարից, թեեւ հայ-իրանական հարաբերությունների առնչությամբ խանդի նշանների պակաս եւս չկա: Առավել եւս, երբ Իրանը, ինչպես ցույց տվեց Ճանապարհների եւ քաղաքաշինության նախարարի տեղակալ եւ տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարության եւ զարգացման ընկերության գործադիր տնօրեն Խեյրոլլահ Խադեմիի հայաստանյան այցը, կփորձեն արագորեն լուծել-վերջացնել Տաթեւի ճանապարհի հարցը՝ ապագայում շեշտադրելով նաեւ Քաջարան-Սիսիան ճանապարհի թեման: Իսկ եթե լուծվի Իրանի ճանապարհի խոցելիության հարցը, թուրք-ադրբեջանական տանդեմին կմնա միայն ուղիղ ռազմական հարձակումը՝ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը կյանքի կոչելու համար: Բայց այս տարբերակը, թեեւ Իսրայելի համար միգուցե ամենացանկալին է, Թուրքիայի համար ամենավտանգավորը կլինի: Մի խոսքով, Էրդողանը կարծես թե պատահական չէ, որ գերադասում է դեռ լռել, մինչեւ պարզ կտեսնի, թե քամիները դեպի ուր են փչում:
ՌԴ-Ն Ի՞ՆՉ ԿԱՆԻ, ԴԵՌ ՄՆՈՒՄ Է ՀԱՐՑԱԿԱՆ
Իհարկե, Հայաստանի շուրջ ստեղծված ներկա իրավիճակում հարց է նաեւ, թե Ալիեւը, օգտվելով արտաքին մի շարք ուժերի բացահայտ եւ ստվերային աջակցությունից, ինչքա՞ն կարող է «քյալլա տալ» Իրանի հետ, չհաշված Ռուսաստանին: Այս պահին դեռ կարողանում է Կապանի ճանապարհի միջոցով ճնշումներ բանեցնել Նիկոլի վրա: Բայց երբ գործարկվի ազերիների ձեռքին գտնվող հատվածները շրջանցող ուղին, Ալիեւին կմնա նորից մտածել հայաստանյան սահմաններ մտնելու մասին: Բայց դա էլ է վտանգավոր, հաշվի առնելով, որ գործ ունեն ռուսների հետ: Իսկ մասշտաբային հարձակումը Սյունիքում կարող է մահացու լինել: Սակայն դրան ավելացավ Իրանի կողմից մեկ ծանր հարված եւս: Հիշեցնենք, Իրանի Ճանապարհների եւ քաղաքաշինության նախարարի տեղակալ եւ տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարության եւ զարգացման ընկերության գործադիր տնօրեն Հեյրոլլահ Խադեմին Հայաստան այցելելու շեմին հայտարարեց. «Ադրբեջանը չի մասնակցի Իրանից Եվրոպա տարանցիկ ճանապարհին...»: Թե ինչ է դա նշանակում, դժվար չէ հասկանալ: Իրանը, հիշեցնենք, վերածվում է երկու կոմունիկացիոն մեգածրագրերի՝ «Հյուսիս-հարավի» եւ «Մետաքսի ուղու» հարավային ուղղության բեռների բաշխիչ կենտրոնի: Հենց այդ նպատակով է, որ վերջերս Չինաստանն ու Իրանը ստորագրեցին հարյուր միլիարդավոր դոլարների ներդրումային ծրագրի փաթեթ՝ ուղղված կոմունիկացիոն եւ այլ ենթակառուցվածքներին, Իրանում այլ տնտեսական նախաձեռնություններին: Նախատեսված ծրագրով բեռները Իրանից պետք է Եվրոպա ուղղվեին երեք հիմնական ուղղությամբ: Դեպի Իրաք-Սիրիա եւ Միջերկրական ծով: Հաջորդը թուրքական ուղղությունն է, որտեղ կան մի շարք սահմանափակումներ եւ, առաջին հերթին, այն, որ Իրան-Թուրքիա հատվածում քրդաբնակ շրջաններն են: Եվ Հարավային Կովկասում անվտանգության դեպքում այս ուղղությունը հիմնականը դառնալու շանսեր ունի՝ դրանից հետեւող եկամուտներով հանդերձ: Սակայն հարավկովկասյան ուղղությամբ Իրանը ի սկզբանե էլ ձգտում էր հավասարակշռել արդբեջանական եւ հայաստանյան ճյուղերը, հաշվի առնելով, որ հիմնական շեշտը Ադրբեջանի վրա դնելով, հայտնվելու էր կախվածության մեջ տարածաշրջանային հիմնական մրցակից Թուրքիայից: Եվ մասնավորապես այս հանգամանքն է, որ Իրանի ¥նաեւ ՌԴ-ի, Հնդկաստանի եւ Չինաստանի¤ համար կարեւորվում է Սյունիքը՝ բացառելով այնտեղ թուրքական ամեն մի միջամտություն: Ահա Իրանն այս ծրագրի մասնակցությունից է, որ սպառնում է զրկել Ադրբեջանին: Այսինքն, Թեհրանը, ի դեմս Խադեմիի, պարզ նախազգուշացում է հղում Ալիեւին՝ ընտրեք, եթե շարունակեք մտածել «Զանգեզուրի միջանցքի» մասին, կարող եք կորցնել դեպի Եվրոպա տարանցման ուղի դառնալու հնարավորությունը: Իհարկե, Թուրքիան այս ամենին դեռ պատասխանի հնարավորություն ունի: Այսպես, այս օրերին շարունակում է զարգանալ թուրք-ազերիական տանդեմի եւ Վրաստանի հարաբերությունները, այդ թվում՝ ռազմական ուղղությամբ: Վրաստանում անցկացվում են հերթական շտաբային զորավարժանքները, Ադրբեջանի պաշտպանության նախարարը Թբիլիսիում ստորագրեց նոր համաձայնագիր եւ այլն: Մինչդեռ, եթե Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռյակը համախմբված գործի կոմունիկացիոն հարթակում, ապա կոմունիկացիոն առումով Հայաստանը կվերածվի կույր աղիքի՝ Իրանին զրկելով տարանցման հնարավորությունից: Այս դեպքում Հարավային Կովկասում կստեղծվի պատային իրավիճակ, որը կպահպանվի, քանի դեռ ՌԴ-ն եւ Իրանը վրացական ուղղությամբ ճեղքման հասնելու տարբերակ չեն գտել: Սակայն, հաշվի առնելով, որ, օրինակ, այն դեպքում, երբ Ադրբեջանում ՌԴ դեսպանը հրաժարվեց մեկնել Ֆիզուլի, բայց նախօրեին այնտեղ էր ՌԴ Թաթարստանի Հանրապետության փոխվարչապետ Ալբերտ Քարիմովը: Եվ այս հարցում վերլուծական շրջանակներում տարակուսանք կա. «Եթե Մոսկվայի դաշնային իշխանությունները տեղյակ են եղել այս այցի մասին եւ չեն միջամտել դրան այն ժամանակաշրջանում, երբ ղարաբաղյան հակամարտությունը դեռ լուծված չէ, ապա Մոսկվայի համար մի ամբողջ շարք հարցեր են ծագում: Եթե Ռուսաստանի Դաշնության պաշտոնյայի այցը այս տարածաշրջան Քարիմովի անձնական նախաձեռնությունն է, ապա կարո՞ղ ենք արձանագրել, որ Թաթարստանը դուրս է գալիս Կրեմլի վերահսկողությունից: Ի՞նչ կասեն ռուս քաղաքական գործիչներն ու փորձագետները, որոնք պնդում են, որ Թուրքիան չի ձգտում դեպի «Մեծ Թուրան» եւ չի սպառնում Ռուսաստանին: Արժե՞ ձեզ հիշեցնել Ադրբեջանի եւ Թուրքիայի աջակցության մասին Թաթարստանում պանթուրքիստական տարրերին...»:
Այսպիսով, ՌԴ-ն ի՞նչ կանի ներկա բարդ իրավիճակում, դեռ մնում է հարցական:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ