Հայաստանի բոլոր մաքսակետերում սահմանահատման գործընթացի էլեկտրոնային համակարգն ամբողջությամբ ներդրված է
https://parstoday.ir/hy/news/armenia-i152676-Հայաստանի_բոլոր_մաքսակետերում_սահմանահատման_գործընթացի_էլեկտրոնային_համակարգն_ամբողջությամբ_ներդրված_է
Տնտեսվարողների համար սահմանային անցակետերով դյուրին և արագ տեղաշարժ ապահովելը Պետական եկամուտների կոմիտեի առաջնահերթություններից է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2021 15:21 Asia/Tehran
  • Հայաստանի բոլոր մաքսակետերում սահմանահատման գործընթացի էլեկտրոնային համակարգն ամբողջությամբ ներդրված է

Տնտեսվարողների համար սահմանային անցակետերով դյուրին և արագ տեղաշարժ ապահովելը Պետական եկամուտների կոմիտեի առաջնահերթություններից է։

Հայաստանի հարավային տնտեսական սահմանին մաքսային ծառայության աշխատանքային գործընթացի կազմակերպմանը տեղում հետևելու համար ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային շրջայց է կատարել Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի տարածքում։ Այստեղ նույնպես, ինչպես հանրապետության հյուսիսային անցակետերում, արդեն գործարկվել է սահմանահատման գործընթացի էլեկտրոնային համակարգը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից։

«Այս հարթակի օգնությամբ հսկողական փուլերից որևէ մեկը չի կարող շրջանցվել։ Լինի մաքսային զննություն, թե կշռում՝ բոլոր գործողությունների վերաբերյալ տեղեկությունն ամբողջացվում է, և հետո միայն թույլատրվում բեռնատարի ելքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ մաքսակետի վարչական շենքում ՊԵԿ նախագահը ծանոթացել է նաև քաղաքացիների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների սպասարկման համար ստեղծված պայմաններին։

ՀՀ ՊԵԿ-ից հայտնում են, որ աշխատանքային շրջայցը Ռուստամ Բադասյանն ամփոփել է Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակազմի հետ հանդիպմամբ։ Նա ընդգծել է մաքսային յուրաքանչյուր ծառայողի կատարած աշխատանքի կարևորությունը և հորդորել վստահորեն շարունակել ծառայությունը՝ մաքսային գործընթացների անխափան իրագործումն օրենքով վերապահված իրավասությունների շրջանակում ապահովելու նպատակով։

Armenpress.am