Հայ–իրանական հարաբերությունները պետք է հասցնել ավելի բարձր մակարդակի. հայազգի պատգամավոր
https://parstoday.ir/hy/news/armenia-i163830-Հայ_իրանական_հարաբերությունները_պետք_է_հասցնել_ավելի_բարձր_մակարդակի._հայազգի_պատգամավոր
Հայ-իրանական հարաբերությունները հարկավոր է բարի դրացիական մշակութայինից փոխադրել ավելի բարձր` տնտեսական–անվտանգային մակարդակ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2022 09:10 Asia/Tehran
  • Հայ–իրանական հարաբերությունները պետք է հասցնել ավելի բարձր մակարդակի. հայազգի պատգամավոր

Հայ-իրանական հարաբերությունները հարկավոր է բարի դրացիական մշակութայինից փոխադրել ավելի բարձր` տնտեսական–անվտանգային մակարդակ։

Այսօր Երևանում Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովում նման տեսակետ հայտնեց Իրանի մեջլիսի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը:

«44-օրյա պատերազմից հետո առաջացած աշխարհաքաղաքական փոփոխությունները, այն հարափոփոխ իրավիճակը, որն ապրում է մեր տարածաշրջանը, և Միջին Արևելքի ու Կովկասի քաղաքական հարցերի այն շաղկապվածությունը, որին ականատես ենք լինում, համոզմունք է ներշնչում, որ, իրոք, պետք է նոր թափ ստանան Հայաստանի ու Իրանի քաղաքական, անվտանգային ու տնտեսական հարաբերությունները»,– ասաց նա։

Իրանահայ պատգամավորը նշեց, որ ժամանակն է այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու ու մեխանիզմներ մշակելու։

Հիշեցնենք` 2022թ–ի փետրվարի 7-ին Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շնորհավորական ուղերձ էր հղել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Աբդոլլահիանն ընդգծել էր, որ Իրանը պատրաստ է ամրապնդել Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունը։

Իրանի Իսլամական Հանրապետությունը ՀՀ անկախությունը ճանաչել է 1991 թ. դեկտեմբերի 25-ին: Երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992 թ.–ի փետրվարի 9-ին Թեհրանում ստորագրված հռչակագրով։

armeniasputnik.am