Այլ արժույթներով հաշվարկներ անելու ժամանակն է․ Լավրովը՝ Հայաստանի հետ ՌԴ առևտրի մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցի ժամանակ կեսկատակ առաջարկել է հրաժարվել դոլարից երկու երկրների միջև առևտրային ցուցանիշների հաշվարկներում:
Լավրովը նախ հայտնել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար առևտրա-ներդրումային գործընկերը, դրա մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր առևտրում գերազանցում է 30 տոկոսը: Համաճարակի ընթացքում անկումից հետո հաջողվել է ապրանքաշրջանառությունը վերադարձնել կայուն աճի հետագիծ։ Անցյալ տարի այն կազմել է 2,6 մլրդ դոլար։
«Հավանաբար արդեն այլ արժույթներով է պետք հաշվել։ Բայց մենք ձեզ հետ հետո կպայմանավորվենք», - ասել է նա՝ դիմելով Միրզոյանին։
Տնտեսական համագործակցության առանցքային ոլորտների թվում ՌԴ արտգործնախարարն առանձնացրել է նաև ատոմային էներգետիկան, հանքարդյունաբերությունը, տրանսպորտը։
Այսօր Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ նախարարները պայմանավորվել են խթանել ուղիղ շփումները Հայաստանի և Ռուսաստանի գործարար շրջանակների միջև։
Նշենք, որ ապրիլի 8-ին Մոսկվայում կայացել են Հայաստանի ու Ռուսաստանի արտործնախարարների բանակցությունները, որոնց ընթացքում քննարկվել են, մասնավորապես, երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև Արցախում տիրող իրավիճակը:
armeniasputnik.am