Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվել են ներդրումային նախագծերի համատեղ պորտֆել ստեղծել
https://parstoday.ir/hy/news/armenia-i169282-Ռուսաստանն_ու_Հայաստանը_պայմանավորվել_են_ներդրումային_նախագծերի_համատեղ_պորտֆել_ստեղծել
Հայաստանն ու Ռուսաստանը ներդրումային նախագծերի պորտֆել կստեղծեն և կաջակցեն դրանց իրականացմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2022 15:35 Asia/Tehran
  • Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվել են ներդրումային նախագծերի համատեղ պորտֆել ստեղծել

Հայաստանն ու Ռուսաստանը ներդրումային նախագծերի պորտֆել կստեղծեն և կաջակցեն դրանց իրականացմանը։

Ինչպես հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախարար Վահան Քերոբյանի, նրա տեղակալ Նարեկ Տերյանի և ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչի հանդիպման ժամանակ։

Քերոբյանն ու Տերյանը ապրիլի 10-12-ը գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։

Նախարարը հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնել և ընդլայնել համագործակցությունը Ռուսաստանի հետ արդյունաբերության, առևտրի և փոխադարձ ներդրումների ոլորտում՝ հաշվի առնելով երկրում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ նպատակաուղղված և բարեհաջող աշխատանքը։

«Կախված գտնվելու վայրից և թիրախային ուղղվածությունից՝ օտարերկրյա ներդրողները կարող են գրանցել ընկերություն և արդյունավետ գործունեություն ծավալել Հայաստանում էներգետիկայի, թեթև և ծանր արդյունաբերության, դեղագործության, հեռահաղորդակցության, ոսկերչության կամ ադամանդի արտադրության, լոգիստիկայի և տրանսպորտի, ինչպես նաև ՏՏ ոլորտում», - ընդգծել է Քերոբյանը։

Վոլվաչն էլ նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2021 թվականին աճել է գրեթե 13%-ով և հասել 2,6 մլրդ ԱՄՆ դոլարի, մինչդեռ միայն 2022 թվականի հունվարին փոխադարձ առևտուրը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 50%-ով։

«Սրանք բարձր ցուցանիշներ են, և այսօր՝ նոր պայմաններում, մենք շարունակում ենք փոխգործակցությունը մեր համագործակցության տեմպերը պահպանելու նպատակով։ Դրա համար առկա է մեծ ներուժ։ Մենք չենք ցանկանում կանգ առնել եղած ձեռքբերումների վրա և շահագրգռված ենք փնտրել համատեղ նոր նախագծեր և զարգացնել ներդրումային ներուժը», - ասել է Վոլվաչը:

Նա նաև նշել է, որ Հայաստանում գործում են ավելի քան 40 ռուսական խոշոր ընկերություններ։ Ռուսաստանը Հայաստանի տնտեսության իրական հատվածում ներդրել է շուրջ 2 մլրդ ԱՄՆ դոլար։

Առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար ռուսական կողմը արդյունավետ լուծումներ է առաջարկել տրանսպորտի, էներգետիկայի, սոցիալական ենթակառուցվածքների զարգացման, ՀՀ-ում հեռանկարային ներդրումային ծրագրերի իրականացման համար։

Վոլվաչի խոսքով՝ համատեղ զարգացման նոր կետեր գտնելու գործիքներից մեկը կարող է լինել 2022-2025 թվականների միջկառավարական տնտեսական համագործակցության ծրագրի ստորագրումը և դրա շրջանակում Գործողությունների ծրագրի մշակումը, որը կներառի փոխգործակցության հեռանկարային ոլորտները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջտարածաշրջանային համագործակցությանը։ Այսօր Հայաստանը հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի ավելի քան 70 շրջանների հետ։ Բացի այդ, նախատեսվում է աշխատանքներ կազմակերպել միջտարածաշրջանային համագործակցության նախագծերի ընտրության և դրանց կյանքի կոչմանը աջակցելու ուղղությամբ։

Քննարկվել են նաև ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող աշխատանքները։ Այս պահի դրությամբ ուշադրության կենտրոնում է ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների մակրոտնտեսական իրավիճակն ու կայուն զարգացումը։

armeniasputnik.am