Հարկավոր է ռուս խաղաղապահների գործունեությունն ավելի արդյունավետ դարձնել. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i169874-Հարկավոր_է_ռուս_խաղաղապահների_գործունեությունն_ավելի_արդյունավետ_դարձնել._Փաշինյան
Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հրապարակային հատվածում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախյան խնդրի լուծմանն ու ՌԴ խաղաղապահ առաքելությանը վերաբերող հարցերին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2022 16:16 Asia/Tehran
  • Հարկավոր է ռուս խաղաղապահների գործունեությունն ավելի արդյունավետ դարձնել. Փաշինյան

Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հրապարակային հատվածում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախյան խնդրի լուծմանն ու ՌԴ խաղաղապահ առաքելությանը վերաբերող հարցերին։

«Ընդհանուր առմամբ ռուս խաղաղապահների գործունեությունը ԼՂ–ում, իհարկե ապահովում է անվտանգությունը, բայց հարկավոր է դիտարկել, թե ինչ կարող ենք անել խաղաղապահների գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու համար»,– ասել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը շեշտել է, որ տարածաշրջանի հիմնական քաղաքական խնդիրը ԼՂ կարգավորումն է ու հույս հայտնել, որ ՌԴ նախագահի հետ հանդիպման օրակարգում այդ հարցը ևս կքննարկվի։

«Իմ այցի օրակարգը շատ հագեցած է, բայց դրա մեծ մասը վերաբերում է հենց այդ հարցի շուրջ բանակցություններին»,– ասել է Փաշինյանը` հույս հայտնելով, որ այցի շրջանակներում կհաջողվի արդյունավետ բանակցություններ անցկացնել։

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով է մեկնել ՌԴ։ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Փաշինյանն ու Պուտինը քննարկելու են հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր:

Անդրադարձ է կատարվելու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին:

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ին հանդիպում է ունենալու նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Նախատեսված է նաև վարչապետի այցը Նիժնի Նովգորոդ:

armeniasputnik.am