ՌԴ–ից Հայաստան ռազմական մատակարարումները կատարվում են ըստ պայմանագրերի. ՊՆ–ի պատասխանը
Ռուսաստանից Հայաստան ռազմական մատակարարումները կատարվում են ըստ պայմանագրերի։
Այս մասին ասել են Հայաստանի պաշտպանության նախարարությունից ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման։ Խնդրել էինք մեկնաբանել սոցիալական հարթակներում շուրջ մեկ ամիս տարածվող տեղեկությունն այն մասին, թե Ռուսաստանը դադարեցրել է Հայաստանի Հանրապետություն զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումները։
Պաշտպանության գերատեսչության մեկնաբանության մեջ ասվում է. «Հայաստանի զինված ուժերի կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումներն իրականացվում են գնման գործընթացների շրջանակներում, կնքված պայմանագրերի հիման վրա, պայմանագրերով նախատեսված մատակարարումները կատարվում են պայմանագրերով սահմանված կարգով և ժամկետներում»։
Հատկանշական է, որ հունվարի 25-ին պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ Ռուսաստանից մի քանի միավոր ժամանակակից ուղղաթիռներ են ստացվել։ Ռազմական ուղղաթիռների նոր խմբաքանակն անձամբ դիմավորել էր ՀՀ ԶՈւ այն ժամանակվա գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ Մարտի կեսերին խորհրդարանում նոր մատակարարումների մասին հայտարարեց նաև պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը` անուղղակիորեն հերքելով սոցիալական հարթակներում տարածվող լուրերը։
Հիշեցնենք` մարտի 15-ին հայաստանյան Տելեգրամ- ալիքներում տեղեկություններ հայտնվեցին, թե Ռուսաստանն 2021 թվականի վերջից դադարեցրել է զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումները Հայաստան։ Դրանցում անգամ վկայակոչվում էր պաշտպանության նախարարության անանուն աղբյուրը։
armeniasputnik.am