ArmProd EXPO 2022-ին ավելի քան 80 կազմակերպություններ ներկայացրին իրենց արտադրանքը
ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում մեկնարկել է «ArmProd EXPO 2022» 20-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցում է ոլորտի ավելի քան 80 կազմակերպություն Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից, Թուրքմենստանից:
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան`էքսպոյի կազմակերպիչներից, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն ասաց, որ էքսպոյում ներկայացված է տնտեսության հեռանկարային ճյուղերից մեկը` գյուղմթերքի արտադրություն, վերամշակում, վաճառք և արտահանում:
«Բավական ծանր աշխարհաքաղաքական, տնտեսական պայմաններում մենք այսօր ունենք կայացած ցուցահանդես: Այս էքսպոյին մասնակից ընկերությունների գրեթե 80 տոկոսը նոր ընկերություններ են Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից: Առաջին անգամ Հայաստանի տնտեսական պատմության մեջ Թուրքմենիայից ընկերություն է եկել և հայկական շուկայում փորձում է իրացնել իր ապրանքը:Նշանակում է, որ կրկին կապերի իմաստով մենք հեռանկար ունենք»,-ասաց Ղազարյանը, հավելելով, որ էքսպոյին մասնակից ընկերությունների մոտ մշտական որակն ու քանակը պահելու մղումը նկատվում է:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը ողջունեց էքսպոյի մասնակիցներին, նշեց, որ էքպոն ունի շատ երկար տարիների պատմություն, հորդորեց բոլորին գալ և մասնակցել:
« Հայաստանի շուկան բաց է բոլոր մեր գործընկերների համար: Մեր քիմքը բավականին նրբազգաց է և այն ընկերությունները, որոնք այդպես են համարում, կարող են գալ, մենք ողջունում ենք: Էկոնոմիկայի նախարարությունը մի շարք գործիքակազմեր ունի մեր արտադրողներին նոր շուկաներում տեղավորելու խնդիրը լուծելու համար»,-ասաց փոխնախարարը ուրախությամբ փաստելով, որ բիզնեսը չի կանգնում այն ամենի ֆոնին ինչ տեղի է ունենում երկրում: