Ղարիբաբադի. Ներկա պայմաններում Իրանի առաջնահերթությունը երկրի վճռական պաշտպանությունն է
Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին, անդրադառնալով վերջին զարգացումներին, հայտարարել է, որ ներկայում ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի ընթանում, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության առաջնահերթությունը երկրի վճռական պաշտպանությունն է ագրեսիվ գործողությունների դեմ։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը, խախտելով Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունները, խաթարել է բանակցային գործընթացը, ինչի հետևանքով Իրանը նույնպես դադարեցրել է այդ հուշագրի շրջանակում իր պարտավորությունների կատարումը։
Pars Today-ի հաղորդմամբ՝ հղում անելով Tasnim գործակալությանը, Ղարիբաբադին նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մինչ այդ ընթանում էր բանակցությունների ճանապարհով, սակայն ԱՄՆ-ի գործողությունները փոխել են իրավիճակը։ Նա ընդգծել է, որ Իրանի պատասխանը վերջին հարձակումներին ցույց է տվել, որ ագրեսիվ գործողությունները Վաշինգտոնի համար որևէ արդյունք չեն ունենալու, և եթե ամերիկացի պաշտոնյաները որդեգրեն բանական մոտեցում, ապա պետք է ընտրեն այլ լուծումներ։ Արտաքին գործերի նախարարի տեղակալը նաև նշել է, որ այս պահին բանակցությունների վերաբերյալ նոր տեղեկություններ չկան, և Իրանի միակ ռազմավարությունը երկրի վճռական պաշտպանությունն ու ագրեսորներին հակադարձելն է։