Հայաստանի ազգային գրադարանում բացվեց «Իրանի անկյունը»
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի և Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի մասնակցությամբ Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ «Իրանի անկյուն»-ի բացման հանդիսավոր արարողությունը։
Բաժինը ներառում է իրանական գրականությանը, պատմությանը, արվեստին և իրանագիտությանը նվիրված բազմաբնույթ աշխատություններ՝ հնարավորություն ընձեռելով հայ ուսանողներին, հետազոտողներին առավել խորությամբ ծանոթանալու պարսից լեզվին, ինչպես նաև Իրանի մշակույթին ու քաղաքակրթությանը։
Միջոցառմանը, որին ներկա էին Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ներկայացուցիչները և Հայաստանի ազգային գրադարանի ղեկավար կազմը, ընդգծվեց գրքի, թարգմանության, գրադարանագիտության և իրանագիտության ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման կարևորությունը։
Իրանի դեսպանը նշեց, որ «Իրանի անկյունի» բացումը կարևոր քայլ է մշակութային դիվանագիտության ամրապնդման և երկու ժողովուրդների փոխադարձ ճանաչողության խորացման ուղղությամբ։ Նա հույս հայտնեց, որ այս բաժինը կդառնա ուսանողների, հետազոտողների և հայ ընթերցողների համար վստահելի աղբյուր՝ Իրանի պատմությանը, մշակույթին ծանոթանալու, ինչպես նաև պարսկերեն լեզվին և գրականությանը վերաբերող նյութերից օգտվելու համար։ Դեսպանն ընդգծեց նաև, որ Իրանի դեսպանությունը պատրաստ է շարունակաբար համալրել այս հավաքածուն իրանագիտական նոր հրատարակություններով։
«Իրանի անկյունը» ներառում է շուրջ 907 անվանում պարսկերեն գրքեր և այլ նյութեր՝ պոեզիայի, գրականության, գեղարվեստական արձակի, պատմության, արվեստի, հասարակության և իրանական ավանդույթների վերաբերյալ, ինչը կհեշտացնի հետազոտողների և հետաքրքրված ընթերցողների հասանելիությունը Իրանին առնչվող հավաստի աղբյուրներին։
Հայկական կողմի ներկայացուցիչները ևս այս նախաձեռնությունը գնահատեցին որպես Հայաստանի և Իրանի միջև դարավոր մշակութային կապերի խորհրդանիշ և կարևորեցին գրադարանային, գիտական ու մշակութային համագործակցության հետագա զարգացումը, հատկապես՝ Իրանի Իսլամական Հանրապետության ազգային գրադարանում գործող «Հայ գրականության անկյան» հետ փոխլրացնող համագործակցության շրջանակում։
Միջոցառման ավարտին իրանական և հայկական պատվիրակությունների անդամները շրջայց կատարեցին Հայաստանի ազգային գրադարանում՝ ծանոթանալով պարսկերեն գրքերի հավաքածուին և Իրանին վերաբերող փաստաթղթերին։