Աշխարհում իրավիճակը բարդանում է, շատ տեղերում տեսնում ենք միակողմանիություն․ Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i251344-Աշխարհում_իրավիճակը_բարդանում_է_շատ_տեղերում_տեսնում_ենք_միակողմանիություն_Փաշինյան
Աշխարհում իրավիճակը գնալով բարդանում է, և չնայած բազմակողմ համագործակցության կարևորության մասին հայտարարություններին՝ միջազգային հարաբերություններում հաճախ միակողմանի մոտեցումներ են դրսևորվում։
(last modified 2026-10-15T15:08:44+00:00 )
Հոկտեմբեր 15, 2026 18:36 Asia/Tehran
  • Աշխարհում իրավիճակը բարդանում է, շատ տեղերում տեսնում ենք միակողմանիություն․ Փաշինյան

Աշխարհում իրավիճակը գնալով բարդանում է, և չնայած բազմակողմ համագործակցության կարևորության մասին հայտարարություններին՝ միջազգային հարաբերություններում հաճախ միակողմանի մոտեցումներ են դրսևորվում։

Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարությունում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը։

«Թվում է, թե շատ միջազգային խաղացողներ շատ են ցանկանում տեսնել այդ բազմակողմանիությունը՝ լավ հասկանալով ՄԱԿ-ի դերը։ Բայց ցավոք, շատ տեղերում մենք տեսնում ենք միակողմանիություն, և աշխարհում իրավիճակը գնալով բարդանում է»,– ասել է Փաշինյանը։

Նա միաժամանակ ընդգծել է, որ Հարավային Կովկասում, չնայած անցած դժվարություններին, հաջողվել է փոխել իրավիճակը։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի գլխավոր նպատակն այժմ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է։ Նա շեշտել է, որ այդ նպատակին հասնելը հեշտ չէ, սակայն անհրաժեշտ է շարունակել կենտրոնացնել ջանքերը դրա իրականացման վրա։

Փաշինյանը նշել է, որ COP17-ը Հայաստանի պատմության մեջ երբևէ կազմակերպված ամենամեծ միջոցառումն է, և վստահություն է հայտնել, որ այն կանցկացվի բարձր մակարդակով։ Ըստ կառավարության` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր հերթին բարձր է գնահատել համաժողովի կազմակերպումն ու հայկական դիվանագիտության աշխատանքը։

«Հայաստանը ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ գործելով հրաշքներ, միավորելով տարբեր կարծիքներ և տեսակետներ»,– ասել է Գուտերեշը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին, այդ թվում՝ «Թրամփի ուղի» նախագծի իրականացման ընթացքին։

Փաշինյանն ու Գուտերեշը կարևորել են նախագծի դերը տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման և երկրների միջև համագործակցության զարգացման գործում։

Հիշեցնենք, որ Գուտերեշը Հայաստան է ժամանել Երևանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։