Ղալիբաֆ. Մենք և՛ կպատերազմենք, և՛ կբանակցենք՝ կայուն զսպում ապահովելու համար
Pars Today-ի հաղորդմամբ՝ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ պատերազմելու և բանակցելու մասին իր խոսքերը չեն նշանակում անվերջ պատերազմ կամ մշտական բանակցություններ։
Նրա խոսքով՝ Իրանը կպատերազմի այնքան, մինչև հակառակորդին փակուղու առաջ կանգնեցնի և ստիպի ընդունել իրանցիների արդարացի պահանջները։
IRNA-ի հաղորդմամբ՝ Ղալիբաֆը չորեքշաբթի երեկոյան տեսաուղերձով դիմել է Իրանի ժողովրդին՝ նշելով, որ միայն պատերազմելով և լարվածությունը սրելով հնարավոր չէ հոգնեցնել հակառակորդին ու ԱՄՆ-ին և ստիպել նրանց հրաժարվել նոր հարձակումներից ու սպառնալիքներից։
«Եթե կարծում ենք, որ պետք է միայն պատերազմենք և սրենք լարվածությունը՝ այդպիսով հակառակորդին ու ԱՄՆ-ին հոգնեցնելու համար, ապա արդյոք նրանք կհրաժարվե՞ն նոր հարձակումներից ու սպառնալիքներից և կզղջա՞ն։ Անշուշտ՝ ոչ։ Ինչպես ասել է մեր նահատակված առաջնորդը, նրանք եկել են Իրանին կուլ տալու համար։ Նրանք մշտապես հայտարարել են, որ շահեր ունեն Պարսից ծոցում, և այստեղ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ չեն հասել իրենց նպատակներին ու շահերին», — ասել է նա։
Իրանի խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ երկիրը պետք է այնքան հզորանա, որպեսզի ԱՄՆ-ը, միջազգային հանրությունն ու տարածաշրջանի երկրները հասկանան, որ չեն կարող հասնել իրենց նպատակներին։ Նրա խոսքով՝ կայուն զսպումն ապահովելու համար անհրաժեշտ է այնպիսի հզորություն ունենալ և դա ապացուցել տարածաշրջանի ու աշխարհի բոլոր դերակատարներին, որ ոչ ոք չհամարձակվի հարձակվել Իրանի վրա։
«Ոչ ոք չպետք է համարձակվի հարձակվել մեզ վրա։ Եթե որևէ մեկի մտքով անցնի այդ հիմար գաղափարը, թող հաշվի առնի անցյալի փորձը և հասկանա, որ Իրանը հզոր է, և ոչ ոք չի կարող ուժի դիրքերից առճակատման դուրս գալ նրա դեմ ու կանգնել նրա ճանապարհին», — նշել է Ղալիբաֆը։
Նրա խոսքով․ «Հակառակորդը պետք է համոզվի, որ Իրանը հզոր է։ Ուստի Իրանը պետք է ոչ միայն հզոր լինի և հավատա սեփական ուժին, այլև հակառակորդը պետք է գիտակցի այդ ուժը։ Հենց այդ նպատակին հասնելու համար Իրանը միաժամանակ կիրառում է պատերազմի և բանակցությունների գործիքները»։
Ղալիբաֆը հավելել է, որ երբ ԱՄՆ նախագահը ստորագրեց Իսլամաբադի համաձայնագիրը, ամբողջ աշխարհը հայտարարեց, որ Իրանը հաղթել է այս պատերազմում։ Նրա խոսքով՝ Իրանը հաղթանակ է արձանագրել մարտի դաշտում, ապա իրավական և քաղաքական առումներով ամրապնդել այն։ Այդ ընդհանուր ընկալումը նպաստել է երկրի զսպման կարողության ամրապնդմանը։
Նա ընդգծել է, որ Իրանը պետք է միշտ պատրաստ լինի անհրաժեշտ պահին պատերազմելու և ժամանակին բանակցություններ վարելու։ Իրանի խորհրդարանի նախագահի խոսքով՝ պատերազմն ու բանակցությունները կայուն զսպման հասնելու միջոցներ են, իսկ սպառնալիքները վերացնելու միակ ճանապարհը կայուն զսպման ապահովումն է։
Անդրադառնալով ներկայացված առաջարկին՝ Ղալիբաֆը նշել է, որ ԱՄՆ նախագահը նախկինում ստանձնել է պարտավորություններ, սակայն խախտել է դրանք՝ դրժելով իր խոստումները։
«ԱՄՆ-ն պետք է պատժվի, պետք է փոխի իր վարքագիծը և վերջապես հասկանա, որ պետք է հաշվի նստի իրանցի ժողովրդի հետ ու ընդունի նրա արդարացի պահանջները», — հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահը։