Հայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել․ Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i207668-Հայաստանը_պատրաստ_է_մինչև_տարեվերջ_Ադրբեջանի_հետ_խաղաղության_պայմանագիր_կնքել_Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2023 13:53 Asia/Tehran
  • Հայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել:

«Պատրաստ ենք մինչեւ տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել: Իհարկե, այն, որ Ադրբեջանը հրաժարվեց գալ Գրանադայի հանդիպմանը, որի մասին պայմանավորվածությունն, ի դեպ, ձեռք էր բերվել հուլիսի 15-ին Բրյուսելում եւ այդ պայմանավորվածությունը նույնպես արտահայտված է հանդիպման արդյունքներով Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ, ահա այդ հանդիպմանը չգալը մեր գործերը չհեշտացրեց»,- ասել է Փաշինյանը:

Միևնույն ժամանակ, նա հստակեցրեց, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի կնքումը կդառնա խիստ իրատեսական, եթե պաշտոնապես վերահաստատվեն բոլոր այն սկզբունքները, որոնք ընդունվել են Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում։

«Ժողովրդավարությունը Հայաստանում շարունակել եւ շարունակում է ստանալ ուժեղ հարվածներ, որոնք գործում են գրեթե ճշգրտորեն կրկնվող սցենարով. արտաքին ագրեսիա, ապա անվտանգության ոլորտում Հայաստանի դաշնակիցների անգործություն, ապա պատերազմական կամ հումանիտար իրավիճակը կամ արտաքին անվտանգային սպառնալիքը Հայաստանի ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը տապալելու նպատակով օգտագործելու փորձեր, որն արտահայտվում է հիբրիդային տեխնոլոգիաներով ներքին անկայունություն հրահրելով՝ ուղղորդված արտաքին ուժերի կողմից»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց, որ նման իրադրություններ 2020 թվականից ի վեր Հայաստանը մի քանի անգամ ունեցել է, որոնցից խոշորագույնը Ադրբեջանի լայնածավալ հարձակումն էր Հայաստանի վրա՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, որի հետեւանքով Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիա տեղի ունեցավ:

«Նմանօրինակ ամենաթարմ եւ ամենաողբերգական դեպքերը տեղի ունեցան բոլորովին վերջերս, երբ Ադրբեջանը, ի կատարումն էթնիկ զտումների իր երկարամյա քաղաքականության, լայնածավալ հարձակում իրագործեց Լեռնային Ղարաբաղի վրա: Այն ժամանակ, երբ հարյուր հազար հայերը Լեռնային Ղարաբաղից փախչում էին Հայաստանի Հանրապետություն, անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլեւ Հայաստանում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում:

Բայց Հայաստանի Հանրապետության ժողովուրդը համախմբվեց հանուն սեփական անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության, եւ մեր պետության դեմ նյութված հերթական դավադրությունը ձախողվեց: Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու ժողովուրդը համախմբվեցին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների զոհ դարձած ավելի քան 100 հազար հայերին ընդունելու, ապաստան տալու խնդրի լուծման շուրջ, եւ պետք է արձանագրեմ, որ մենք այդ գործը պատվով կատարեցինք»,- ասաց Փաշինյանը։
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ ընդգծել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը երկիմաստություններ է պահում Խորհրդային Միության վերջին քարտեզները որպես Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի հիմք ընդունելու հարցում, ինչը նույնպես որոշ փորձագետների հիմք է տալիս ենթադրելու, թե Ադրբեջանը Հայաստանի դեմ տարածքային պահանջներ ներկայացնելու և նոր ռազմական ագրեսիա նախաձեռնելու հիմքեր է ստեղծում:

Նա հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մի քանի անգամ վերահաստատել են աներկբա նվիրվածությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին՝ որպես սահմանների դելիմիտացիայի քաղաքական շրջանակ:

Փաշինյանն ընդգծեց, որ Ալմաթիի հռչակագիրը ստորագրել են Խորհրդային Միության տասներկու հանրապետությունները` 1991 թվականի դեկտեմբերի 21-ին: Այդ հռչակագիրը քննարկվող հարցի համատեքստում արել է հետևյալ երկու կարևոր արձանագրումները.

1․ Խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ:

2․ Հանրապետությունները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, գոյություն ունեցող, այսինքն՝ վարչական սահմանների անխախտելիությունը, հետևաբար Խորհրդային միության հանրապետությունների միջև գոյություն ունեցած վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ:  

armenpress.am