Չկա Հայք, կա Հայաստանի Հանրապետություն. Նիկոլ Փաշինյան
Ես հասկանում եմ, որ ամենատարբեր վերաբերմունքը կարելի է ունենալ Ռուսաստանի նկատմամբ, բայց որեւէ կերպ հնարավոր չեմ համարում հերքելը ռուսական մշակույթի ահռելի դերը ժամանակակից աշխարհի եւ քաղաքակրթության վրա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Չեմ կարծում, որ լեգիտիմ կարելի է համարել կասկածի տակ դնելը Տոլստոյի, Չայկովսկու, Շոստակովիչի արվեստը: Կարելի այսպես թվարկել տասնյակ անուններ եւ մշակույթի, եւ գիտության, եւ քաղաքականության ոլորտում:
Ես ասացի, որ ես չեմ պատկերացնում, որ Հայաստանում որեւէ այլ լեզու ունենա պաշտոնական կարգավիճակ, բայց ես կքաջալերեմ մեր բոլոր քաղաքացիներին, երիտասարդության՝ սովորել հնարավորինս շատ օտար լեզուներ, այդ թվում ռուսաց լեզու: Սա շատ կարեւոր է եւ պետության, եւ անհատի մրցունակություն ավելացնելու համար, առավելեւս այն խորը տնտեսական մշակութային եւ քաղաքական կապերի համատեքստում, որ Հայաստանն ունի ՌԴ-ի հետ»,-ասաց նա:
Անդրադառնալով հայկական տեղանուններին անցնելուն եւ օրինակ, Հայաստանը Հայք կոչելու առաջարկությանը, Փաշինյանն ասաց. «Այսօրվա մեր հայրենիքի անունը Հայաստանի Հանրապետություն է: Ասում եք՝ ես անունը դնում եմ Հայք: Ձեր ասածն էլ է նշանակում, որ Հայաստանի Հանրապետություն չկա, «Արեւմտյան Ադրբեջան» ասողներն էլ դա նկատի ունեն:
Չի կարելի որեւէ կերպ կասկածի տակ դնել ՀՀ-ն նույնիսկ թվացյալ ամենաբարի նկատառումներով: Մենք պետք է կարողանանք վիրտուալ հայրենիքի ընկալումը փոխարինենք իրական հայրենիքով: Հայքը մեր պատմությունն է, բայց Հայքով չի կարելի ջարդել Հայաստանի Հանրապետությունը: Եթե փետը վեկալած խփում են Հայաստանի Հանրապետությանը, մենք էլ կողքից ասում ենք՝ Հայք, մենք էլ մեր ձեւով ենք խփում Հայաստանի Հանրապետությանը: Պետություն-հայրենիքն է իրականը: Չկա Հայք, կա Հայաստանի Հանրապետություն: Նրանք, ովքեր ասում են՝ Հայք, նրանք առաջ են մղում «Արեւմտյան Ադրբեջանի» տրամաբանությունը:
Պետությունն է հայրենիքը, ուրիշ տեղ պետք չի հայրենիք փնտրել: Ապագա կառուցելու համար պատմությունը ամենավատ խորհրդականն է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: