Տավուշի մարզում Զինվորական դատախազության նստավայր կտեղակայվի
https://parstoday.ir/hy/news/armenia-i209972-Տավուշի_մարզում_Զինվորական_դատախազության_նստավայր_կտեղակայվի
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Տավուշի մարզում Զինվորական դատախազության նստավայրի տեղակայման հետ կապված հարցեր քննարկելու նպատակով, նոյեմբերի 28-ին, ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանի ուղեկցությամբ, այցելել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի N բանակային զորամիավորում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2023 08:44 Asia/Tehran
  • Տավուշի մարզում Զինվորական դատախազության նստավայր կտեղակայվի

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Տավուշի մարզում Զինվորական դատախազության նստավայրի տեղակայման հետ կապված հարցեր քննարկելու նպատակով, նոյեմբերի 28-ին, ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանի ուղեկցությամբ, այցելել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի N բանակային զորամիավորում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Աննա Վարդապետյանը Զորամիավորման հրամանատար Ալեքսանդր Ցականյանի հետ զրույցում քննարկել է բանակում կարգապահության, զինծառայողների միջև կանոնադրային հարաբերությունների պահպանման, բանակում հանցագործությունների կանխարգելման և այս համատեքստում Զորամիավորման ու Կայազորի զինվորական դատախազության միջև արդյունավետ փոխգործակցության ապահովման հետ կապված մի շարք հարցեր:

Աննա Վարդապետյանը շրջայց է կատարել Զորամիավորման տարածքում, այցելել սահմանագծի մշտադիտարկումն իրականացնող օպերատիվ կառավարման կենտրոն, կորպուսի հատուկ նշանակության գունդ, այնուհետև՝ N մարտական դիրք, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ:

Տավուշի մարզի դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանի, Տավուշի մարզի դատախազ Գոռ Ալոյանի և Լոռու կայազորի զինվորական դատախազ Արման Ապրեսյանի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են Տավուշի մարզում Զինվորական դատախազության նստավայրի տեղակայման մանրամասները: