Հայաստանը կարող է դառնալ «Հյուսիս-հարավ» միջազգային միջանցքի լիիրավ մասնակից․ Սաֆարյան
(last modified Tue, 05 Dec 2023 07:23:11 GMT )
Դեկտեմբեր 05, 2023 10:53 Asia/Tehran
  • Հայաստանը կարող է դառնալ «Հյուսիս-հարավ» միջազգային միջանցքի լիիրավ մասնակից․ Սաֆարյան

Հայաստանը կարող է դառնալ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՄ) և այլ լոգիստիկ նախագծերի լիիրավ մասնակից։

Այս մասին «Նոր իրողություններ և խաղաղության խաչմերուկ» փորձագիտական համաժողովի ժամանակ նշեց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

«ՀՀ կառավարությունն ավելի մեծ նախապատվություն է տալիս համագործակցությանը տարածաշրջանային և գլոբալ նախաձեռնությունների շրջանակներում, ինչպիսիք են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, «Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ-ն և Չաբահար նավահանգստի զարգացման իրանա-հնդկական նախաձեռնության զարգացման ծրագրերը: Վստահ ենք, որ հայկական տրանսպորտային ցանցը մեծ ներուժ ունի այդ նախագծերին աջակցելու համար»,- նշեց Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը ջանքեր է գործադրում «Հյուսիս-Հարավ» ավտոմոբիլային մայրուղու նախագծի իրականացման նախաձեռնության շրջանակներում ենթակառուցվածքների զարգացման համար: Նախագիծը թույլ կտա Հայաստանին ոչ միայն ավելացնել լոգիստիկ հզորությունները, այլև դառնալ «Հյուսիս-հարավ» ՄՏՄ-ի և այլ նախաձեռնությունների լիիրավ մասնակից:

ԱԳ փոխնախարարի կարծիքով՝ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Իրանի, Հնդկաստանի և ԵԱՏՄ երկրների միջև: Այս առումով չափազանց կարևոր է «Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ-ն, որը թույլ կտա զարգացնել հաղորդակցությունն ու առևտուրը։