Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման առթիվ Իրանը մտահոգվելու պատճառ չունի․ քաղաքագետ
Հայաստան-Եվրամիություն և առհասարակ Հայաստան-Արևմուտք հարաբերություններն իսկապես հասել են աննախադեպ ծավալի և որակի, քանզի նշմարվել են համագործակցության նոր եզրեր կամ ոլորտներ, հետևաբար կա նաև զարգացման պոտենցիալ։
Սա հարաբերությունների նոր փուլի սկիզբն է, և Արևմուտքի կողմից Հայաստանը ընկալվում է որպես ժողովրդավարության ուղի բռնած պետություն, որը ցանկանում է դիմագրավել ավտորիտար պետությունների կողմից տարաբնույթ հարձակումներին ու վտանգներին։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը՝ անդրադառնալով Հայաստանի ու Եվրամիության միջև զարգացող հարաբերություններին։
«Արևմուտքում կա այն ընկալումը, որ Հայաստանն արժեքային, քաղաքակրթական առումով իրեն տեսնում է Արևմուտքի մաս։ Հայաստանի վերջին գործողությունները թույլ են տվել Արևմուտքին գալ այն համոզման, որ մեր երկիրն արտաքին քաղաքականության մեջ գնում է ռադիկալ փոփոխությունների, որոնք, ըստ էության, ունեն հիմնական երկու նպատակ։ Մեկն այն է, որ Հայաստանն ունի լրջագույն անվտանգային խնդիրներ, որոնք հասցեագրելու և լուծելու ուղղությամբ գործողություններ իրականացնելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը լինի հենց արևմտյան դաշտում, իսկ երկրորդ հանգամանքն այն է, որ արտաքին քաղաքական փոփոխությունները նաև նպաստելու են նրան, որպեսզի Հայաստանի ներսում ժողովրդավարական բարեփոխումները խորանան»,- ասաց Վարդանյանը։
«Արդեն իսկ գտել ենք որոշակի ձևաչափեր ու մեխանիզմներ, որոնցից մեկն, օրինակ, եվրոպական դիտորդների առաքելությունն է, որը տեղակայված է հայ-ադրբեջանական սահմանին, ինչը նույնպես աննախադեպ երևույթ է։ Թեև փաստացի դա քաղաքացիական առաքելություն է, բայցևայնպես դրա նպատակն անվտանգությանը նպաստելն է՝ միտված է խաղաղության ամրապնդմանը»,- ասաց նա։
Վարդանյանի դիտարկմամբ՝ ակնհայտորեն տեսանելի է նաև, որ ԵՄ-ի անդամ Ֆրանսիան ՌԴ-ի դաշնակից Հայաստանի հետ առանձին ծավալում է աննախադեպ ռազմաքաղաքական համագործակցություն, ինչը նույնպես ունի զարգացման ներուժ։
Ֆրանսիայից ստանում ենք սպառազինություն, և այդ երկիրը վերջին շրջանում շատ ավելի կտրուկ կերպով իր խորքային աջակցությունն է հայտնում Հայաստանին։
Վարդանյանի համոզմամբ՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումն ուղղված չէ երրորդ երկրների, մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, և իրանական կողմն այդ առումով մտահոգվելու պատճառ չունի։
«ԵՄ-ն նույնպես բավականին ըմբռնմամբ է մոտենում այն հանգամանքին, որ Հայաստանը բավականին լավ ու խորքային հարաբերություններ ունի Իրանի հետ։ Հենց Արևմուտքն ընդհանուր առմամբ, և ԵՄ-ն մասնավորապես, փորձում են գնալ Իրանի հետ հարաբերությունների բարելավման ճանապարհով։ Յուրաքանչյուր հարևան երկիր, որն Արևմուտքի մաս չէ, կարող է մեր երկրի ու Եվրամիության կապերի սերտացման առթիվ ունենալ որոշակի վախեր, սակայն այդ մտահոգությունն ու վախերն անհիմն են։ Մենք պետք է ցույց տանք, որ այդ վախերը ռացիոնալ չեն։ ԵՄ-ն էլ իր հերթին փորձում է դա ցույց տալ»,- մանրամասնեց Վարդանյանն։
Անդրադառնալով ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման խնդրին՝ Վարդանյանն ասաց, որ այդ հարցում ակնկալում էր որոշակի ժամկետներով ճանապարհային քարտեզի ընդունում ապրիլի 5-ի հանդիպման արդյունքներով, սակայն նման բան տեղի չունեցավ։
Անկախ ամեն ինչից՝ վիզաների ազատականացումը պարտադիր պայման է, քանի որ դա կնպաստի ՀՀ-ԵՄ կապերի ամրապնդմանը, և այդ դեպքում հայ հասարակությունն իրեն լիարժեքորեն կզգա որպես եվրոպական տարածքի ու եվրոպական ժողովրդավարական համայնքի մաս, նշեց քաղաքագետը։