Մայիս 09, 2024 19:16 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյա՛ն, մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու. Բագրատ սրբազան

Երևանի Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց, որ 1 ժամ ժամանակ է տալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու համար։

«Առաջին անգամ եմ անունը տալիս` Նիկոլ Փաշինյա՛ն, 1 ժամ ժամանակ ունես հրաժարական տալու։ Ես պատրաստ եմ այս 1 ժամում հանդիպել և քննարկել հեռանալու մասին բոլոր պայմանները։ Դուք Հայաստանում այլևս որևէ իշխանություն չունեք։ Ձեր հրաժարականով դուք կվերադարձնեք այս ժողովրդին ՀՀ եռատոնը, որը գողացել եք»,– հայտարարեց Բագրատ սրբազանը։

Այս հայտարարությունից հետո ժողովուրդը սկսեց վանկարկել` «Նիկոլ «Հեռացի՛ր»։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ելույթի ժամանակ նաև շեշտեց, որ իրենք եկել են ՀՀ կառավարությունից պատասխան պահանջելու։

«Եկել ենք ժամանակ տալու` դադարեցնելու այս միակողմանի, ապօրինի, հակասահմանադրական, հակամարդկային, հակաբարոյական գործընթացը։ Մենք դեմ չենք եղել սահմանազատմանը, սահմանագծմանը և խաղաղությանը, բայց այն, ինչ տեղի է ունենում  միակողմանի զիջելով` անընդունելի է մեզ համար։ Այս գործընթացը մեզ համար 2 երես ունի` իրավական և բարոյական։ Իրավականն արդեն ասացի, իսկ բարոյական առումով անընդհատ սպառնացել են, թե պատերազմ կլինի։ Մենք չենք պատերազմի հրձիգները, պատերազմ հրահրողն էլ եք դուք, պատերազմը կառավարելու անկարողն էլ եք դուք, պատերազմի մասին պայմանավորվողն էլ եք դուք։ Մենք հստակ, արժանապատիվ և պատվով խաղաղություն ենք ուզում»,– նշեց սրբազանը։

Տավուշի թեմի առաջնորդը շեշտեց նաև, որ մայիսի 8-ին լուր են ստացել, թե սահմանագծման 3 սյունը չեն դրել, ու դա այս ժողովրդի շնորհիվ է։

 Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ էին անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին` դեմ արտահայտվելով սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։

Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։

Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։

Նշելի է, որ ՝

Մեկ ժամն անցավ, ՀՀ վարչապետը հրաժարական չտվեց. Բագրատ սրբազանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցներին ուղղված խոսքում նոր ժամանակ տվեց Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու համար` մինչև 20։00–ն։

«Ժողովուրդ ջան, ասել էր, չէ՞, որևէ խնդիր լինի, կհավաքվեք հրապարակում, ես ձեզ կներկայացնեմ մանրամասն և դուք կասեք «այո» կամ «ոչ»։ Երևի մարդ չկա հրապարակում, հա՞։  Մենք շատ խաղաղ, շատ հանգիստ, համբերությամբ կսպասենք մինչև ժամը 20.00–ն, մինչև զանգերի խփելը»,–ասաց Բագրատ սրբազանը։

 

 

Պիտակ