Մայիս 10, 2024 18:33 Asia/Tehran
  • ՀՀ–ի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների առաջին փուլն ավարտվել է

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի` խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների առաջին փուլն ավարտվել է։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ–ը։

Հանդիպումն ավելի քան 4 ժամ է տևել։

Նշենք, որ բանակցությունները, որոնք կայացել են Ղազախստանի Ալմաթի քաղաքում, շարունակվելու են նաև վաղը։

Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է սահմանափակվեն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։ Այս մասին այսօր Ալմաթիում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, գրում է Sputnik Ղազախստանը։

«Մենք կարող ենք ավելի հեռուն գնալ ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կոմունիկացիաները», -ասել է Միրզոյանը։

Նա հավելել է նաև, որ Հայաստանը հակված է խաղաղության ու խաղաղության պայմանագրի համաձայնեցմանը։

«Մենք բանակցային գործընթացում ներգրավված ենք շատ կառուցողական»,- ասել է նա։

Ղազախստանի ԱԳՆ-ն ավելի վաղ զգուշացրել էր, որ բանակցություններից հետո ԶԼՄ–ների հետ հանդիպում չի լինելու։ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է, որ հնարավոր է` ավելի ուշ բանակցությունների արդյունքների վերաբերյալ հաղորդագրություն հրապարակվի։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:

Հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։