Երևանը Մոսկվայից պահանջում է պատշաճ խոսակցություն
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը հունիսի 10-12-ը կայցելի Հայաստան` հաղորդում է Պետքարտուղարությունը:
Ամերիկացի պաշտոնյայի երկօրյա այցը խիստ հագեցած է լինելու՝ ըստ հաստատված օրակարգի: Արևմուտքի հետ շփումների սերտացմանը զուգահեռ կոշտանում է Մոսկվայի հռետորաբանությունը: Խոսքն արդեն ոչ միայն հայտարարությունների, այլև նախազգուշացումների մասին է: Պաշտոնական Երևանը Մոսկվայից պատշաճ խոսակցություն է պահանջում և շարունակում պնդել՝ ռազմաքաղաքական որևէ փոփոխություն Հայաստանի օրակարգում չկա:
ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը Երևան է գալիս ոչ թե տարածաշրջանային, այլ հայաստանյան այցով, որը լայն օրակարգ ունի՝ քաղաքական, տարածաշրջանային և տնտեսական ուղղություններով:
Պետքարտուղարության մամուլի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Ջեյմս Օ’Բրայենը կղեկավարի ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության Capstone հանդիպումը՝ վերանայելու երկկողմ հարաբերությունների խորացման գործում ձեռք բերված նշանակալի առաջընթացը և քննարկելու հետագա քայլերը։
Օ’Բրայենը կհանդիպի նաև կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև «երկարատև և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի առաջընթացին՝ ներառյալ Ալմա-Աթայի հռչակագրի օգտագործումը՝ որպես սահմանների սահմանազատման հիմք»: Պետքարտուղարի օգնականը հանդիպում է նախատեսում նաև գործարար համայնքի անդամների հետ, որին կներգրավվի նաև քաղաքացիական հասարակությանը:
Պաշտոնական Երևանի արևմտյան օրակարգը ակնհայտորեն անհանգստացնում է ռուսական կողմին: Մոսկվայից հնչած հերթական հայտարարության մեջ նշվում է՝ եթե Հայաստանը անվտանգությանը վերաբերող զգայուն տեղեկատվությունը հասանելի դարձնի արևմտյան պետություններին, դա կարող է անդառնալի հարված հասցնել Ռուսաստանի հետ հարաբերություններին: Այդ երկրի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի խոսքով՝ «Հայաստանի չմտածված քայլերը ոչ միայն սպառնում են պետության ինքնիշխանությանը, այլև կարող են օբյեկտիվորեն անհնար դարձնել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ում այլ դաշնակիցների հետ միասնական պաշտպանական տարածքի կառուցման համատեղ աշխատանքին վերադառնալը»:
Այս հայտարարություններին արձագանքել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Նախ՝ խնդրում եմ դադարել մեզ սպառնալ, հերիք եղավ մեզ սպառնալ: Հերիք եղավ ՀԱՊԿ-ի մասին խոսել: Երբ ՀԱՊԿ-ի մասին խոսում են, ՀԱՊԿ-ի մասին խոսելիս թող գան, ասեն այդ ՀԱՊԿ-ի սահմանը որտեղ է անցնում, և ինչ պարտավորություններ ունեն թե՛ որպես ՀԱՊԿ գործընկեր, թե՛ որպես Հայաստան-Ռուսաստան պայմանագրի կողմ: Երկրորդը՝ Հայաստանը որևէ երկրի հետ բանակցություն չի վարում, չի քննարկում որևէ ռազմաբազա տեղադրելու կամ ռազմավարական որևէ ալյանսին միանալու վերաբերյալ»:
Ինչ վերաբերում է Օ’Բրայենի հայաստանյան այցի խաղաղության օրակարգին, ապա այն, ըստ էության, համընկնում է Հայաստանի նոր հայտարարության հետ, որ մեկ ամսվա ընթացքում պատրաստ է կառուցողական աշխատանք տանել և ստորագրել փաստաթուղթը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասում է՝ առաջարկների հերթական փաթեթը ուղարկել են Բաքու և պատասխանի են սպասում, այդ ժամանակ էլ կպարզվի, թե որ հարցերի շուրջ դեռ համաձայնություն չկա:
«Այն փուլին ենք հասել, որ այն կետերը, որոնք խնդրահարույց են եղել, թե՛ մեր համար, թե՛ Ադրբեջանի համար, մեծ մասը ունեն իրենց պատասխանները: Ես դեռ անցյալ տարվա վերջ ասացի, որ քաղաքական կամքի պարագայում այդ խաղաղության պայմանագիրը կարելի է կնքել վաղը: Բայց մենք իրավիճակի ենք ականատես լինում, երբ օրինակ հանդիպող կողմերը քննարկում են մի բան, համաձայնության են գալիս, հետո Ադրբեջանի նախագահը սկսում է հարվածել այդ գործընթացին: Տեսել եմ, որ ինչ-որ Խոջալուի հետ կապված է խոսել: Լավ կլիներ պարոն նախագահը խոսեր Սումգայիթի ջարդերից, Բաքվի ջարդերից, այդ ցեղասպանությունից նախ պետք է սկսեր խոսել: Մի երկրի համար, որը COP է ուզում ընդունել, մի երկիր, որը չի ուզում, որ աշխարհի առաջադեմ երկրները իրեն քննադատեն, պետք է բաց թողնի ռազմագերիներին, պետք է բաց թողնի իր քաղբանտարկյալներին: Այդ խաղաղություն ցանկացողը բանակցություններին խոսում է մի բան և հետո տորպեդահարում է»:
Ալեն Սիմոնյանի խոսքով, սակայն, դա ոչինչ չի նշանակում: Ասում է՝ Հայաստանը շարունակելու է խաղաղության ընտրած իր ճանապարհը, իշխանությունը բերելու է խաղաղություն և հստակ սահմանների առկայություն: Այլընտրանք, ըստ ԱԺ նախագահի, չկա:
«Վերջին օրինակը՝ «խաղաղություն չի լինի, եթե սահմանադրական փոփոխություններ չլինեն» հայտարարությունն է: Մեր խնդիրն այն է, որ այս գոյություն չունեցող բանակցությունների ֆոնին մենք իրական բանակցությունների մեջ մտնենք՝ իրական օրակարգով և իրական բանակցություններով: Ես համաձայն չեմ և արդեն դա տեսանելի է, որ որևէ կերպ բանակցություններ գոյություն ունեն: Բանակցություններ չկան այսօր: Կարևոր հանգամանքն այն է, որ մենք պատրաստ ենք բանակցությունները իրապես դարձնելու իրական և բազմակողմանի: Որևէ երկիր այսօր ողջունում է այն քաղաքականությունը, որը վարում են հակամարտության մեջ գտնվող երկրները: Հենց ԵԱՀԿ-ի ներկայությունը չափազանց կարևոր է այս բանակցություններում, որպես երաշխավոր հանդես գալու»:
Ի դեպ, ԵԱՀԿ ՄԽ լուծարման մասին քննարկում կարող է ծավալվել խաղաղության պայմանագրի կնքումից հետո՝ հայտարարում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ համարելով, որ այդ փուլում խմբի գոյությունը կարող է անիմաստ դառնալ: