Հայաստանը Շանհայում կմասնակցի ներմուծվող ապրանքների միջազգային ցուցահանդեսին
Հայաստանը Շանհայում կմասնակցի ներմուծվող ապրանքների 7-րդ միջազգային ցուցահանդեսին։ Այս մասին «Ելք Չինաստանի և Արևմուտքի շուկաներ» բիզնես–համաժողովի ժամանակ հայտարարել է Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը։
Ներմուծվող ապրանքների միջազգային ցուցահանդեսն (China International Import Expo 2024) անցկացվելու է Շանհայում նոյեմբերի 5-10-ը։
«Ցուցահանդեսին կմասնակցեն աշխարհի 150 երկրների ներկայացուցիչներ։ Սա հիանալի հնարավորություն է աշխարհին ներկայացնելու Հայաստանի հնարավորությունները», – ասել է Մանուկյանը։
Նրա խոսքով` Հայաստանը ներկայացված կլինի երկու տաղավարով` ազգային և կոմերցիոն։ Ազգային տաղավարում կներկայացվեն Հայաստանի տնտեսական հնարավորությունները։
Կոմերցիոն տաղավարում տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ կկարողանան ներկայացնել իրենց արտադրանքը, պայմանագրեր կնքել։
Հիշեցնենք, որ միջոցառմանը մասնակցում են Ասիայի, Աֆրիկայի և Եվրոպայի ավելի քան 150 երկրների ներկայացուցիչներ և միջազգային կազմակերպություններ։
Այս ցուցահանդեսն աշխարհում անցկացվող ամենամեծ և կարևորագույն միջոցառումներից մեկն է։ Ցուցասրահի ընդհանուր տարածքն ավելի քան 360 հազար քմ է։