Հայաստանի շրջադարձը դեպի Արևմուտք և դրա հետևանքները Կովկասում
Վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումները, հատկապես 2020 թվականի ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, վկայում են երկրի արտաքին քաղաքականության ռազմավարական փոփոխությունների մասին։
ԱՄՆ-ի հետ Հայաստանի Համապարփակ համագործակցության համաձայնագրի ստորագրումը և Եվրամիությանն անդամակցելու մասին օրենքի ընդունումը վկայում են, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը փորձում է նվազեցնել Ռուսաստանից կախվածությունը և մերձենալ Արևմուտքի հետ։
Քաղաքական ուղղության այս փոփոխությունն ազդում է ոչ միայն Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, այլև տարածաշրջանային հավասարումների և հարևանների ու գերտերությունների հետ հարաբերությունների վրա։
Ռուսաստանի դերը տարածաշրջանային զարգացումներում
Դեպի Արևմուտք Հայաստանի շրջադարձի մասին քննարկման ժամանակ հնարավոր չէ անտեսել Ռուսաստանը։ Մոսկվան, որը տասնամյակներ շարունակ եղել է Հայաստանի անվտանգության երաշխավորը, ղարաբաղյան երկրորդ պատերազմում հակառակ դիրքորոշում որդեգրեց։ Հակառակ Երևանի սպասելիքներին, Ռուսաստանը ձեռնպահ մնաց ուղղակի ռազմական միջամտությունից, իսկ Ադրբեջանին գրավյալ տարածքները վերադարձնելու կանաչ լույսը հստակ ուղերձ էր Հայաստանին, որ ռուսական ազդեցությունը նվազեցնելու Փաշինյանի քաղաքականությունը վտանգավոր է Երևանի համար։
Ղրաբաղյան երկրորդ պատերազմում Ռուսաստանի դիրքորոշման մասին գոյություն ունեն տարբեր կարծիքներ։ Որոշ շրջանակների կարծիքով՝ Ադրբեջանին թույլ տալով հետ վերադարձնել իր տարածքները, Ռուսաստանը փաստացի ցույց տվեց իր դժգոհությունը Փաշինյանի կառավարության քաղաքականությունից։
Մյուս կողմից, որոշ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանը մտադիր էր պահպանել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում և թույլ չտալ, որ Հայաստանը դառնա Արևմուտքից լիովին կախված դերակատար։
Դեպի Արևմուտք Հայաստանի շրջադարձի տարածաշրջանային հետևանքները
Դեպի Արևմուտք Հայաստնի շրջադարձը մեծ ազդեցություն ունի տարածաշրջանային հավասարումների վրա։ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ Երևանի մերձեցումը ոչ միայն մեծացրել է լարվածությունը Ռուսաստանի հետ, այլև առաջացրել Թուրքիայի և Ադրբեջանի արձագանքները: Ուղղության այս փոփոխությունը կարող է ազդել նաև Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների վրա։
Իրանը, որ մշտապես դեմ է արտահայտվել կովկասյան տարածաշրջանում արևմտյան ուժերի ներկայությանը, մտահոգված է ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ Հայաստանի մերձեցմամբ։ Այս մտահոգություններն ավելի են սրվել Հայաստանում արևմտյան ռազմական ներկայության ավելացմամբ, մասնավորապես Միացյալ Նահանգների հետ համատեղ զորավարժություններից հետո։
Երևանի վարած արևմտամետ քաղաքականության արդյունքում, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները նույնպես ավելի են բարդացել։ Ադրբեջանը, որը վայելում է Թուրքիայի աջակցությունը, շարունակում է ձգտել ամրապնդել իր ձեռքբերումները Ղարաբաղում և կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Բայց Արևմուտքին Հայաստանի մոտ լինելը կարող է նոր մարտահրավերներ դառնալ երկու երկրների միջև խաղաղ բանակցությունների համար:
Ապագայի հեռանկար
Դեպի Արևմուտք Հայաստանի շրջադարձը երկարաժամկետ գործընթացի շարունակությունն է, որը սկսվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով և ակտիվացել Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից հետո։ Ուղղության այս փոփոխությունը, թեև բախվում է ներքին և արտաքին ընդդիմության, սակայն արտացոլում է Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու և տնտեսական նոր հնարավորություններից օգտվելու Երևանի ջանքերը։
Հայերի համար տնտեսական պայմանների ու կենսամակարդակի բարելավումը անհերքելի առաջնահերթություն են։ Այդ հանգամանքը ստիպել է նրանց շարունակել աջակցել Փաշինյանի կառավարության քաղաքականությանը՝ չնայած Ադրբեջանի նկատմամբ ծանր զիջումներին։ Տարածաշրջանային մակարդակում այս շրջադարձը կարող է խորը ազդեցություն ունենալ Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության և Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Արևմուտքի հարաբերությունների վրա:
Այս զարգացումների վերջնական արդյունքը կախված է լարվածությունը կառավարելու և նոր հնարավորություններն օգտագործելու Հայաստանի կառավարության կարողությունից: Ամեն դեպքում, Հայաստանը գտնվում է իր պատմության կրիտիկական փուլ մտնելու շեմին, որի արդյունքները որոշիչ կլինեն ոչ միայն այս երկրի, այլեւ ողջ կովկասյան տարածաշրջանի համար։
Հեղինակ՝ Կովկասի հարցերով հետազոտող Համեդ Խոսրոշահի
Աղբյուր՝ Համաշխարհային տնտեսություն