Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան զգուշորեն են վերաբերվում Թրամփի ուղուն. Սատանան մանրամասների մեջ է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս կնքված համաձայնագիրը կարևոր հարցեր է առաջացրել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ապագայի վերաբերյալ:
Մինչ ծրագրի կողմնակիցներն այն համարում են տնտեսական կայունության և բարգավաճման ուղղությամբ արված քայլ, տարածաշրջանի հիմնական խաղացողները՝ Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան, զգուշավորություն են ցուցաբերում: Այս զարգացումների հիմքում ընկած է «Թրամփի կամուրջ» կամ «Թրամփի ուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) ծրագիրը, որի նպատակն է ցամաքային և առևտրային կապեր հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Ծրագիրը ներառում է Արաքս գետով ճանապարհային և երկաթուղային կամրջի կառուցում և միջազգային կապերի ստեղծում, որոնք կարող են մեծացնել Բաքվի և Երևանի միջև առևտրային և տնտեսական փոխկախվածությունը: Սակայն, ինչպես նշում են վերլուծաբանները, «Սատանան թաքնված է մանրամասների մեջ», և ծրագրի շուրջ առկա են բազմաթիվ անորոշություններ: Մասնագետների կարծիքով, սա ոչ միայն տնտեսական նախաձեռնություն է, այլ ունի լայն աշխարհաքաղաքական հետևանքներ, որոնք կարող են փոխել տարածաշրջանային հավասարումները և մեծացնել ԱՄՆ-ի ազդեցությունը այս ռազմավարական տարածաշրջանում:
Հիմնական մտահոգությունները բարձրացնում են Իրանը և Ռուսաստանը: Իրանն այս ծրագիրը համարում է սպառնալիք իր հյուսիսային սահմանների և ինքնիշխծանության և հատկապես Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի նկատմամբ, որը Հայաստանի միջոցով կապվում է Եվրոպայի հետ: Այս մտահոգությունն ավելի է սրվում այն պատճառով, որ առաջարկվող երթուղին կառուցվելու է Իրանի սահմանի մոտ: Ռուսաստանը, որի ազդեցությունը տարածաշրջանում նվազում է, այս ծրագրի հետ կապված ԱՄՆ-ի ցանկացած հաջողություն համարում է հարված՝ ուղղված իր դիրքերին: Մոսկվան հույս ուներ պահպանել երթուղու վերահսկողությունը, բայց ԱՄՆ-ի այս ծրագրով, այդ հույսը վերածվել է հուսահատության:
Թուրքիան, կարծես, միակ խոշոր տարածաշրջանային խաղացողն է, որը ողջունում է նախաձեռնությունը: Երկիրը, որը սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ, ցանկանում է ընդլայնել իր տրանսպորտային կապերը դեպի արևելք այս երթուղով և նույնիսկ սկսել է կառուցել դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքները: Այս դիրքորոշումը տարածաշրջանում աշխարհաքաղաքական մրցակցությունը դարձնում է ավելի տեսանելի, քան երբևէ։
Մասնագետները կարծում են, որ այս նախաձեռնությամբ Թրամփը ձգտում է արտաքին քաղաքականության մեջ «հեշտ հաղթանակի», այն իր նախընտրական քարոզարշավում օգտագործելու համար: Նրանք նշում են,ո ր այս ծրագիրը նման է Աբրահամի համաձայնագրերին, որոնք Թրամփն օգտագործեց իրեն որպես խաղաղարար ներկայացնելու համար: Այնուամենայնիվ, նախաձեռնության հաջողությունը, առաջին հերթին, կախված է նրանից, թե ինչպես է այն իրականացվում և արդյոք կողմերը հարգո՞ւմ են միմյանց փոխադարձ շահերը, հատկապես ինքնիշխանության և տարանցիկ ուղիների վերահսկողության հարցում։
Ի վերջո, Վաշինգտոնի համաձայնագիրը, չնայած այն կարող է օգնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարճաժամկետ կայունություն հաստատել, կսրի հին և նոր մրցակցությունները Հարավային Կովկասում: Տարածաշրջանի ապագան՝ «Թրամփի կամրջի» ներքո, կտատանվի խաղաղության և տնտեսական համագործակցության, ինչպես նաև մեծ տերությունների միջև աշխարհաքաղաքական մրցակցության միջև։