Թեհրան-Երևան ռազմավարական գործընկերության հեռանկարները
https://parstoday.ir/hy/news/armenia-i247670-Թեհրան_Երևան_ռազմավարական_գործընկերության_հեռանկարները
Թեհրանն ու Երևանը շարունակում են ռազմավարական գործընկերության փաստաթղթի մշակման և վերջնականացման գործընթացը՝ նպատակ ունենալով ընդլայնել քաղաքական, տնտեսական, անվտանգային և տարանցիկ համագործակցությունը։
(last modified 2026-07-13T13:30:46+00:00 )
Հուլիս 13, 2026 16:59 Asia/Tehran
  • Թեհրան-Երևան ռազմավարական գործընկերության հեռանկարները

Թեհրանն ու Երևանը շարունակում են ռազմավարական գործընկերության փաստաթղթի մշակման և վերջնականացման գործընթացը՝ նպատակ ունենալով ընդլայնել քաղաքական, տնտեսական, անվտանգային և տարանցիկ համագործակցությունը։

Երկու երկրների պաշտոնյաների գնահատմամբ՝ այս համաձայնագիրը կարող է շրջադարձային նշանակություն ունենալ երկկողմ հարաբերություններում և նպաստել Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը։ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի վերջին հայտարարությունների համաձայն՝ փաստաթղթի վերջնականացումից հետո այն հիմք կդառնա ներդրումների, էներգետիկայի, տրանսպորտի և անվտանգության ոլորտներում համագործակցության ընդլայնման համար։

Pars Today-ի հաղորդմամբ՝ հղում անելով  «Ռահբորդե Մոասեր» պարբերականին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ այս փաստաթղթի շրջանակում համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն էլ, շնորհակալություն հայտնելով Հայաստանի վարչապետին Իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար, այդ մասնակցությունը գնահատել է որպես երկու երկրների պատմական կապերի և բարիդրացիական հարաբերությունների խորության վկայություն։ Կողմերը նաև ընդգծել են ընդհանուր շահերի պահպանման և ռազմավարական համագործակցության ամրապնդման կարևորությունը։

Այս համատեքստում Թեհրանը կրկին հայտնել է իր մտահոգությունը արտատարածաշրջանային դերակատարների ներկայության և ԱՄՆ-ի աջակցությամբ առաջ քաշվող որոշ տարանցիկ նախագծերի, այդ թվում՝ TRIPP կոչվող նախաձեռնության վերաբերյալ։ Իրանի պաշտոնյաների համոզմամբ՝ Հարավային Կովկասում ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի տարածաշրջանային անվտանգության պահպանման, պետությունների ինքնիշխանության հարգման և առանց օտարերկրյա ուժերի ներկայության պայմաններում։ Երևանում Իրանի դեսպանի խոսքով՝ Իրանի հյուսիսային սահմանների մոտ ամերիկացի անձնակազմի ներկայության վերաբերյալ Թեհրանի մտահոգությունները լիովին հիմնավորված են ազգային անվտանգության տեսանկյունից։

Հրապարակված վերլուծությունները, այդ թվում՝ Special Eurasia ինստիտուտի զեկույցը, ցույց են տալիս, որ Իրանի և Հայաստանի ռազմավարական գործընկերության համաձայնագիրը պարզապես քաղաքական շրջանակ չէ, այլ ճանապարհային քարտեզ՝ համատեղ ենթակառուցվածքների զարգացման, տնտեսական փոխգործակցության ընդլայնման և Հայաստանը տարածաշրջանի կարևոր տարանցիկ ու էներգետիկ ուղիներից մեկի վերածելու համար։ Այս համագործակցության հիմնական ուղղություններից են Արասի ազատ տնտեսական գոտու և Մեղրիի միջև համագործակցության զարգացումը, էներգետիկ ենթակառուցվածքների ստեղծումը և տրանսպորտային երթուղիների ամրապնդումը։

Փորձագետների կարծիքով՝ այս փաստաթղթի ստորագրումը կարող է բարձրացնել Թեհրանի և Երևանի հարաբերությունների նշանակությունը Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական զարգացումներում և տնտեսական ու անվտանգային համագործակցության խորացման միջոցով նպաստել տարածաշրջանում ավելի կայուն միջավայրի ձևավորմանը, ինչպես նաև երկու երկրների միջև ռազմավարական հաղորդակցային ուղիների պահպանմանը։