ՀՀ նոր անձնագրերի մեծածավալ տպագրության մեկնարկը
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը կոճակի խորհրդանշական սեղմումով Նիդեռլանդներում ազդարարել է նոր կենսաչափական անձնագրերի մեծածավալ տպագրության մեկնարկը։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ–ն։
Սարգսյանն այցելել է Հարլեմ քաղաքում գործող «IN Groupe» ընկերության արտադրամաս, որտեղ իրականացվում են Հայաստանի` անձը հաստատող փաստաթղթերի բազմաբաղադրիչ արտադրական գործընթացները։
«Այցի ընթացքում վերջնականացվել են անձնագրերի և նույնականացման քարտերի տեխնիկական ու գեղարվեստական լուծումները։ Կատարվել են նաև ճշգրտումներ, որպեսզի նոր փաստաթուղթը լիարժեք համապատասխանի անվտանգության միջազգային չափանիշներին, ինչպես նաև շահառու բոլոր խմբերի ակնկալիքներին»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ «IN Groupe» ընկերության արտադրամասում են տպագրվում նաև ՀՀ նույնականացման քարտերը։
Հիշեցնենք` ՀՀ կենսաչափական նոր անձնագիրը, որը պետք է շրջանառության մեջ մտնի այս տարվա աշնանից, կարմիր կլինի։