Խորհրդակցություններ Հարավային Կովկասի հարցով. Գրիգորյանն ու Շոյգուն հանդիպել են Մոսկվայում
Կովկասում և Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները մշտական ուշադրություն և Անվտանգության խորհուրդների խորհրդակցություններ են պահանջում։
Այս մասին Մոսկվայում հայ գործընկեր Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Այն ամենը, ինչ վերաբերում է տարբեր իրադարձություններին, որոնք վերջին շրջանում տեղի են ունեցել տարածաշրջանում, պահանջում է մեր մշտական ուշադրությունը», – ասել է Շոյգուն։
Նրա խոսքով՝ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական իրավիճակը բարդ է և պահանջում է ծանոթանալ միմյանց դիրքորոշումներին։
«Կարևոր է վերականգնել տարածաշրջանային խորհրդատվական խմբի՝ «3+3» հարթակի աշխատանքը։ Մեծ նշանակություն ունի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, ինչի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում», – ասել է Շոյգուն «Ռուսաստան» ազգային կենտրոնում ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանն ակտիվորեն աջակցել է «3+3» ձևաչափի ստեղծմանը (Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը՝ մի կողմից, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան՝ մյուս կողմից)։ Վրաստանն առայժմ չի մասնակցում նիստերին, սակայն մյուս անդամները բազմիցս հայտարարել են, որ Թբիլիսիի համար դուռը բաց է։
Նշենք, որ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցում է ԱՊՀ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների խորհրդի նիստին։