Հայկական սեպը խանգարում է թյուրքական աշխարհի կայացմանը. Գառնիկ Իսագուլյան
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը վստահեցնում է Արևմուտքը Հայաստանին որպես գործիք է դիտարկում։
Արևմուտքի գլխավոր նպատակը խոշոր տերությունների՝ ՌԴ–ի, Չինաստանի, Իրանի թուլացումն է, ինչի համար օգտագործվում է «թուրքական սեպը»։ «Բաց տեքստով» հաղորդման եթերում այս տեսակետը հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։
«Արևմուտքին մշտապես հետաքրքրել է Ռուսաստանի տրոհումը, Չինաստանին թույլ չտալ, որ գլուխ բարձրացնի... և Իրանը։ Իսկ դրանց միջև սեպ խրելու միակ տարբերակը թյուրքական աշխարհի գոյությունն է՝ Կոստանդնուպոլսից մինչև Խաղաղ օվկիանոս։ Հիմա այդ ճանապարհին էլի սեպ կա՝ հայկական սեպը»,- ընդգծեց քաղաքական գործիչը։
Նա նշեց, որ Արևմուտքի համար Հայաստանը ինքնին արժեք չի ներկայացնում, այլ դիտարկվում է որպես գործիք։
«Արևմուտքը ո՛չ մեզ սիրում է, ո՛չ ատում, Արևմուտքի համար մենք արժեք չենք։ Բայց Արևմուտքը ուզում է Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի տրոհումը... Թուրքական սեպի այդ գործունեությունը ամբողջական ծավալով իրականացնելու համար խանգարում է հայկական սեպը»,- ասաց նա։
Իսագուլյանի կարծիքով՝ Թուրքիան ու Ադրբեջանը, այսինքն` թյուրքական աշխարհը, Արևմուտքին ներկայանում է որպես հզոր գործոն/գործիք ընդդեմ Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի: Եվ Արևմուտքին հասկացնում են կամ պայման են դնում` եթե ուզում եք, որ մենք Ուկրաինայի նման դառնանք ձեր գործիքը , ապա ձեր միակ ճանապարհը թյուրքական աշխարհի արանքից «հայկական սեպը» հեռացնելն է։
«Եվ արդյունքում Արևմուտքը մեզ պարզապես զոհ է մատուցում այդ մեծ խաղի համար»,– ասաց նա։
Իսագուլյանը շեշտեց, որ հզոր հայկական պետականությունը բխում է միայն տարածաշրջանային որոշակի երկրների ռազմավարական շահերից։