Իրանական ԱԹՍ-ները՝ աճող սպառնալիք ԱՄՆ նավերի համար Արևմտյան Ասիայում
Առաջատար արևմտյան ռազմական փորձագետներից մեկը զգուշացրել է, որ իրանական անօդաչու թռչող սարքերը կարող են լուրջ սպառնալիք հանդիսանալ Արևմտյան Ասիայում գտնվող ԱՄՆ ռազմածովային ունեցվածքի, այդ թվում՝ «Աբրահամ Լինքոլն» ավիակիրի համար: Կանադական «Dragonfly» ընկերության գործադիր տնօրեն Քեմերոն Շելը հայտարարել է, որ Իրանի ապավինումը ցածրարժեք, բայց մեծաթիվ անօդաչու թռչող սարքերին թույլ է տվել նրան արդյունավետ ասիմետրիկ հարձակումներ իրականացնել ԱՄՆ առաջադեմ ռազմական համակարգերի դեմ։
ISNA-ի տվյալներով՝ Շելը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ Իրանը կարողացել է ստեղծել օպերատիվ սպառնալիք ԱՄՆ ռազմանավերի դեմ՝ համատեղելով էժան մարտագլխիկներն ու պարզ արձակման հարթակները: Նրա խոսքով՝ հարյուրավոր անօդաչու թռչող սարքերի միաժամանակյա արձակումը կարող է շփոթեցնել ավանդական պաշտպանական համակարգերին և մեծացնել դրանցից մի քանի ԱԹՍ-ների անցնելու հավանականությունը։
Շելը ընդգծել է,որ ժամանակակից պաշտպանական համակարգերը սկզբնապես նախատեսված չէին լայնածավալ անօդաչու թռչող սարքերի հարձակումներին հակազդելու համար, և ԱՄՆ-ի ռազմանավերը պոտենցիալ թիրախներ են իրենց մեծ չափերի և հեշտ հայտնաբերման պատճառով։
Միևնույն ժամանակ, մի ամերիկացի պաշտոնյա հաստատել է, որ «Աբրահամ Լինքոլն» ավիակիրի նավախումբը դեռևս չի մտել CENTCOM-ի օպերատիվ գոտի և չի գտնվում Իրանին ուղղակիորեն հարձակվելու դիրքում։
Այս փորձագետի կարծիքով, Իրանի ԱԹՍ-ների հնարավորությունները, մասնավորապես՝ ցածրարժեք մահապարտ ԱԹՍ-ների ոլորտում, ստեղծել են ռազմավարական առավելություն ասիմետրիկ պատերազմում և շարունակում են մտահոգություն առաջացնել ԱՄՆ-ի բանակի և նրա դաշնակիցների համար։