Քաղաքական կայունությունը հզոր տարածաշրջանի բաղադրիչներից է. Զարիֆ
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Քաղաքական կայունությունը և տարածաշրջանային կայուն միջավայրի ու խաղաղության երաշխավորման հարցում տարածաշրջանի բոլոր երկրների ներգրավվածությունը, հզոր տարածաշրջանի բաղադրիչներից է»:
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, չորեքշաբթի օրը Հնդկաստանում ընթացող Raisina միջազգային համաժողովում նշել է, որ այս պահին տարածաշրջանը ծայրահեղականության և ահաբեկչության պես բարդություններ է դիմագրավում: Նա հավելել է. «Այսօր ժամանակն է, որ տարածաշրջանի երկրները հրաժարվեն այն պատրանքից, թե անվտանգությունը կարելի է գնել կամ ներմուծել»:
«Տարածաշրջանի անվտանգությունը մյուսների անապահովության հաշվին ձեռք չի բերվում և բոլոր երկրները պիտի շարժվեն տարածաշրջանում արդյունավետ, իրատեսական ու չափավորական մեխանիզմի հաստատման ուղղությամբ»,-ընդգծել է Զարիֆը, ներկայացնելով հզոր տարածաշրջանի բաղադրիչները:
ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև «տարածաշրջանային երկխոսության ֆորում» ստեղծելու նախագծին, հավելելով. «Այս ֆորումը պիտի հարգի բոլոր պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անկախությունը և փորձի առանց այլ երկրների ներքին հարցերին միջամտելու, խաղաղ միջոցներով կարգավորել տարաձայնությունները և տարածաշրջանում ամրապնդել խաղաղությունը, կայունությունը, առաջադիմությունը, բարեկեցությունն ու հաջողությունը»:
Իրանի արտաքին դիվանագիտության ղեկավարը նշել է, որ Ասիայում հարևանության ձևավորման ուղղությամբ Թեհրանն ու Նոր Դելին բազմաթիվ ընդհանրություններ ունեն: Նա ասել է. «Իրանը ողջունում է հարևանների, մասնավորապես Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների հետ բարեկամությունը»:
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, որ քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան մի պատվիրակության ընկերակցությամբ մեկնել էր Հնդկաստան՝ մասնակցելու Raisina երկխոսության միջազգային տարեկան համաժողովին, հինգշաբթի առավոտյան վերադարձել է Թեհրան: