Մուսավի. ԱՄՆ-ի պատժամիջոցներն ու արտոնություններն Իրանի համար անընդունելի են
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը, նշելով, որ պատժամիջոցների սահմանումն անօրինական է, հավելել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունել և չի ընդունում ԱՄՆ-ի կողմից սահմանված հակաիրանական պատժամիջոցները և դրանց կապակցությամբ տրամադրվող արտոնությունները»:
Երկուշաբթի օրը, հակադարձելով Սպիտակ Տան այն հայտարարությանը, թե Իրանից նավթ գնելու համար որոշ երկրներին տրված արտոնության ժամկետը չի երկարաձգվելու, Սեյեդ Աբբաս Մուսավին հայտարարել է. «Հաշվի առնելով պատժամիջոցների բացասական ազդեցությունը և արտոնությունների չեղարկման դեպքում դրանց ավելացման հնարավորությունը, ԻԻՀ ԱԳ նախարարությունը մշտական կապի մեջ է համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ և բանակցություններ է վարում օտարեկրյա գործընկերների հետ, ինչպես Եվրոպայում, այնպես էլ հարևան երկրներում»:
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հավելել է. «Ներքին և արտաքին բանակցությունների արդյունքները շուտով կամփոփվեն և այս կապակցությամբ որոշում կկայացվի»:
Երկուշաբթի օրը Սպիտակ Տունը հայտարարել է. «ԱՄՆ նախագահը որոշում է կայացրել չերկարաձգել Իրանից նավթ գնող որոշ երկրներին պատժամիջոցներից բացառելու ժամկետը, որն ավարտվում է 2019թ մայիսին»:
Ավելի վաղ, ԱՄՆ-ն աշխարհի ութ երկրների, այդ թվում՝ Չինաստանին, Հնդկաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային, Թուրքիային, Իտալիային, Հունաստանին եւ Թայվանին բացառել էր Իրանի դեմ նավթային պատժամիջոցներից:
ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն, մամուլի ասուլիսում հայտարարել է. «Սաուդյան Արաբիան և Էմիրաթները մեզ խոստացել են,. որ կփոխհատուցեն Իրանի նավթային պատժամիջոցների հետևանքով համաշխարհային շուկայում առաջացած նավթի պակասը»: