Իրանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարները կարևորել են երկկողմ համագործակցության ընդլայնումը
Իրանի Իսլամական Հանրապետության և Հնդկաստանի պաշտպանության նախարարները բանակցել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային համագործակցության շուրջ: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Հինգշաբթի օրը, Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ երկու երկրներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին ասել է. «Համագործակցության ընդլայնման, ներառյալ՝ տարածաշրջանային ու միջազգային երկկողմ անվտանգության պաշտպանության ոլորտներում երկու երկրում առկա պոտենցիալների օգտագործումը բխում է տարածաշրջանի շահերից և անհրաժեշտություն է»:
Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը նույնպես կարևորել է երկու երկրների հարաբերությունների պահպանման ու զարգացման անհրաժեշտությունը, հատկապես պաշտպանության ոլորտում:
Հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են Իրանի և Հնդկաստանի երկկողմ համագործակցության ընդլայնումը:
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարը երեքշաբթի օրը մեկնել է Հնդկաստան, որտեղ հանդիպել է այդ երկրի պաշտպանական գերատեսչության պաշտոնյաների հետ: Նա մասնակցել է Բանգալորի ավիացիայի ցուցահանդեսի և ավիաշոուի բացման արարողությանը: