Իրանի խորհրդարանի հաղորդագրության մեջ ասված է. Սահմանների փոփոխությունն Իրանի կարմիր գիծն է
Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորները հրապարակել են հաղորդագրություն, որում հայտարարել են.«Տարածաշրջանում ցանկացած գեոպոլիտիկական փոփոխություն և հարևան երկրների սահմաններին որևէ փոփոխություն, համարվում են ԻԻՀ սրբազան համակարգի կարմիր գիծը և մենք նման քայլի առաջ չենք ընկրկելու: Ինչպես որ չենք հանդուրժելու, որպեսզի որևէ երկրի տարածքը դառնա Սիոնիստական ռեժիմի տեղաշարժերի վայրը»:
Հաղորդագրության մեջ ասված է.«Արաքս գետի սահմանային տարածքում «Ֆաթեհան-է Խեյբար» (Խեյբարի նվաճողները) զորավարժությունը տարածաշրջանի երկրներին խաղաղության ու հզորության ուղերձ է փոխանցում, իսկ Սիոնիստական ռեժիմին՝ նախազգուշացում: Հարևան երկրների, այդ թվում՝ եղբայր Ադրբեջանի Հանրապետության մուսուլման ժողովրդի հետ մեր հարաբերությունները վաղեմի ու կայուն են և թշնամիների ստեղծած տարաձայնությունները հատկապես Իսրայելի կեղծ ռեժիմի սադրիչ քայլերը, երբեք չեն կարող խափանել այս միասնությունն ու եղբայրությունը: Իրանի ժողովուրդը չի ընկրկելու տարածաշրջանի անվտանգության և երկրի շահերի դեմ ուղղված ոտնձգության առաջ: Իսլամական Իրանը բազմիցս ապացուցել է հարևան երկրների, ներառյալ ՝Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ իր եղբայրությունն ու բարի դրացիությունը»:
Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորները հավելել են. «Մի խմբի պառակտիչ ու սադրիչ հայտարարությունները դեմ են բարի դրացիության սկզբունքին և ակնկալվում է, որ Ադրբեջանի կառավարությունը դեմ հանդես կգա օտարերկրացիների սադրիչ քայլերին և կդիմակայի դրանց»: