Իրանն արձագանքել է ԱՄՆ նոր պատժամիջոցներին
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է ԱՄՆ-ի հակաիրանական նոր պատժամիջոցներին:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը երկուշաբթի օրը հայտարարեց, որ «Իրանի հետ կապ ունենալու պատճառով», ԱՄԷ-ում, Չինաստանում, Սինգապուրում և Մալայզիայում գործող մի քանի ընկերությունների անուններ ներառվել են պատժամիջոցների ցանկում։
Նասեր Քանանին այդ կապակցությամբ հայտարարել է. «Պատժամիջոցներից կախվածությունը և դրանք որպես ճնշման լծակ կիրառումը ամերիկյան գերիշխանության համակարգի վկայությունն են: Ամերիկյան կառավարությունների փոփոխությունից այդ երկրի քաղաքականությունը չի փոխվում»:
Իրանի ԱԳՆ խոսնակը հավելել է. «Բայդենի վարչակազմի պաշտոնյաները բազմիցս ընդունել են, որ Թրամփի առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախողվել է և անարդյունավետ է: Սակայն նրանք գործնականում շարունակել և նույնիսկ ընդլայնել են այդ ձախողված քաղաքականությունը: Եվ նույնիսկ հիմա, երբ փորձ է արվում վերսկսել բանակցություննրերը, նրանք չեն ցանկանում դադարեցնել իրենց վարած անարդյունք քաղաքականությունը»:
Նա նշել է. «Նոր պատժամիջոցները հստակ բացահայտեցին Իրանում տեղի ունեցած և բազմաթիվ զոհեր խլած ջրհեղեղի կապակցությամբ ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ցավակցական խոսքերի կեղծ բնույթը»: