ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i248664-ՀՀ_ի_համար_ԵԱՏՄ_ի_հետ_համագործակցության_խորացումը_առաջնահերթություն_է._Փաշինյան
Հայաստանի համար ԵԱՏՄ անդամ երկրների հետ համագործակցության խորացումը շարունակում է արտաքին քաղաքական և տնտեսական առաջնահերթություններից մեկը մնալ։
(last modified 2026-08-07T16:08:46+00:00 )
Օգոստոս 07, 2026 18:46 Asia/Tehran
  • ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան

Հայաստանի համար ԵԱՏՄ անդամ երկրների հետ համագործակցության խորացումը շարունակում է արտաքին քաղաքական և տնտեսական առաջնահերթություններից մեկը մնալ։

Այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։

«Այդ մոտեցումը կարտացոլվի նաև նոր կառավարության ծրագրում»,- հավելեց նա։

Փաշինյանը նշեց` Երևանը նաև հանդես է գալիս ի պաշտպանություն այն սկզբունքների, որոնք դրված են ԵԱՏՄ-ի հիմքում։

«Կազմակերպության հիմնարար սկզբունքներից է ապրանքների, ծառայությունների, աշխատուժի ազատ տեղաշարժը: Ցավոք, այդ սկզբունքները գործնականում լիարժեքորեն չեն իրագործվում։ Առանձին սահմանափակումները և վարչական գործողությունները շարունակում են խոչընդոտել ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությունը՝ նվազեցնելով բիզնեսի վարման պայմանների կանխատեսելիությունը և ինտեգրացիոն գործընթացների արդյունավետությունը»,- հայտարարեց ՀՀ վարչապետը։

Նա կարծում է, որ նման հարցերն անտեսելը կարող է ոչ միայն արգելակել ԵԱՏՄ հետագա զարգացումը, այլև բացասաբար անդրադառնալ ԵԱՏՄ–ի նկատմամբ քաղաքացիների և միության անդամ երկրների գործարար շրջանակի վերաբերմունքը։ Կառավարության ղեկավարի խոսքով` նման խնդիրներն ի վերջո դադարում են լինել միայն առանձին ԵԱՏՄ մասնակից պետության խնդիրը, դրանք դառնում են ամբողջ միության ընդհանուր խնդիրը։   Փաշինյանը կարծում է, որ անհրաժեշտ է ժամանակին վերացնել խոչընդոտներն ու կանխել ԵԱՏՄ ներսում առևտրատնտեսական հարաբերությունների դեգրադացիան։

Հիշեցնենք` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստն անցկացվում է Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում` Իսիկ Կուլ լճի ափին։