Իրանը զգալիորեն մեծացնում է իր հրթիռային հնարավորությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i248642-Իրանը_զգալիորեն_մեծացնում_է_իր_հրթիռային_հնարավորությունները
Իրանական «Խեյբարշեքան» հրթիռը հագեցած է ուղղորդման և հակախափանման համակարգով, որը հիմնված է չինական մոդելի վրա և նոր սպառնալիք է համարվում ԱՄՆ-ի և Իսրայելի բազմաշերտ հակաօդային պաշտպանության համակարգերի համար։
(last modified 2026-08-07T07:54:49+00:00 )
Օգոստոս 07, 2026 11:18 Asia/Tehran
  • Իրանը զգալիորեն մեծացնում է իր հրթիռային հնարավորությունները

Իրանական «Խեյբարշեքան» հրթիռը հագեցած է ուղղորդման և հակախափանման համակարգով, որը հիմնված է չինական մոդելի վրա և նոր սպառնալիք է համարվում ԱՄՆ-ի և Իսրայելի բազմաշերտ հակաօդային պաշտպանության համակարգերի համար։

Այս մասին հայտնել է մալայզիական Defense Security Asia կայքը՝ ընդգծելով, որ հրթիռի հնարավորությունները նոր մարտահրավեր են ստեղծում Patriot, THAAD և Arrow հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար։

ISNA-ի հաղորդմամբ՝ կայքը նշում է, որ դա մեծացնում է հարվածների ճշգրտությունը և էլեկտրոնային պատերազմի պայմաններում բազմաշերտ հակահրթիռային պաշտպանության համակարգերիn դիմակայելու կարողությունը։

Մալայզիական կայքը հավելում է, որ իրանցի ինժեներները կիրառել են ներմուծված սարքավորումներ կամ փոփոխված առևտրային տեխնոլոգիաներ։

Կայքի հաղորդմամբ՝ թեև CRPA ալեհավաքը մեծ նմանություն ունի չինական մոդելների հետ, սակայն ստացված լուսանկարները չեն ապացուցում Չինաստանի ներգրավվածությունը կամ տեխնոլոգիաների փոխանցման վերաբերյալ պաշտոնական համաձայնագրի առկայությունը։

DSA-ի տվյալներով՝ «Խեյբարշեքան» հրթիռը հագեցած է պինդ վառելիքով աշխատող շարժիչով, արձակման հարթակով և մարտագլխիկով, իսկ դրա խոցման հեռահարությունը կազմում է մոտ 1450 կիլոմետր։ Այս հրթիռի շնորհիվ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը սպառնալիք են ներկայացնում Մերձավոր Արևելքի ողջ տարածքում գտնվող թիրախների համար։

Կայքը հավելում է. «Արբանյակային ուղղորդման ճշգրտումների և հակախափանման հնարավորությունների ավելացումը նպաստում է թռիչքի ընթացքում կուտակվող իներցիոն նավիգացիոն սխալների նվազեցմանը և մեծացնում է հրթիռի կարողությունը՝ հարվածելու օդային բազաներին, հրամանատարական կենտրոններին, ռադարային կայաններին, լոգիստիկ կենտրոններին և հակահրթիռային պաշտպանության կայաններին»։

Զեկույցում նշվում է, որ բաց աղբյուրների գնահատականներով՝ Իրանի արբանյակային ուղղորդմամբ հրթիռների խոցման ճշգրտությունը երբեմն հասնում է մի քանի տասնյակ մետրի։ Հետևաբար, ճշգրտության նույնիսկ աստիճանական բարելավումը կարող է անհամաչափ մեծ ռազմական ազդեցություն ունենալ, քանի որ առանձին ռադարային համակարգերի, ամրացված ապաստարանների կամ թռիչքուղիների միացման հատվածների խոցումը պահանջում է  ավելի բարձր ճշգրտություն, քան այն զանգվածային հարվածները, որոնք թիրախավորում են արդյունաբերական գոտիները կամ լայնածավալ աշխարհագրական ենթակառուցվածքները։ Մանևրող մարտագլխիկը, որը կարող է թռիչքի վերջնական փուլում փոխել իր ուղղությունը, բարդացնում է դրա որսման փորձերը և լուրջ մարտահրավեր է ստեղծում հակառակորդի հակաօդային պաշտպանության համակարգերի համար։

DSA-ն նշում է, որ առաջադեմ տեխնոլոգիաներն ինքնաբերաբար չեն երաշխավորում բազմաշերտ հակաօդային պաշտպանության համակարգերի հաղթահարումը։ Այնուամենայնիվ, հրթիռների համակարգված արձակումները, թռիչքի ուղղության փոփոխությունը և ներթափանցման մարտավարությունը հնարավորություն են տալիս ավելի մեծ թվով հրթիռների հաղթահարել խիստ պաշտպանված գոտիները։

Կայքը նշում է, որ օգոստոսի 4-ին և 5-ին հրապարակված «Խեյբարշեքան» հրթիռի բեկորների լուսանկարները ցույց են տալիս, որ Թեհրանը CRPA արբանյակային նավիգացիոն (հակախափանման) համակարգը համատեղել է մանևրող մարտագլխիկի հետ։ Հայտնաբերված բեկորները վկայում են ոչ թե հեղափոխական, այլ էվոլյուցիոն զարգացման մասին։ Այնուամենայնիվ, դրանք ցույց են տալիս, թե ինչպես են մարտական գործողությունների փորձը, շուկայում առկա նավիգացիոն տեխնոլոգիաները և տարածաշրջանային շարունակվող մրցակցությունը նպաստում Արևմուտքի կողմից մշակված հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերը հաղթահարելու Իրանի կարողությունների զարգացմանը։

Իրանը «Խեյբարշեքան» հրթիռն առաջին անգամ ներկայացրել է 2022 թվականի փետրվարին։ Այդ ժամանակից ի վեր Թեհրանը հայտարարել է, որ հրթիռը կատարելագործվել է և նախատեսված է հակահրթիռային պաշտպանության համակարգերը հաղթահարելու համար։