Իրանը 40 միլիարդ դոլարի արժողությամբ պայմանագիր է կնքելու Ռուսաստանի հետ
Տնտեսական դիվանագիտության գծով Իրանի արտաքին գործերի փոխնախարարը հայտնել է ռուսական «Գազպրոմ» պետական կորպորացիայի հետ 6,5 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ պայմանագրերի կնքման մասին։ Մնացած 40 միլիարդ դոլար արժողությամբ հուշագրերը հաջորդ ամսվա ընթացքում կվերածվեն պայմանագրերի։
Անդրադառնալով Իրանը տարածաշրջանում գազային հանգույցի վերածելու հնարավորությանը՝ Մեհդի Սաֆարին հավելել է. «Ռուսաստանի հետ գազի առևտուր անելու համար Իրանն օրակարգ է դրել այս երկրից գազ գնելու, այնուհետև հարևան երկրներ արտահանելու համար»:
Իրանի փոխարտգործնախարարն ասել է. «Ռուսական ընկերությունները գազատարի պայմանագրեր են կնքելու Պակիստանի հետ, որպեսզի Իրանից գազ արտահանվի այս երկիր»։
Սաֆարին ասել է.« Բացի տնտեսական օգուտների և Իրանի հարավից հյուսիս գազի տարանցման ծախսերի նվազեցմանը` հյուսիսային նահանգներին վառելիք մատակարարելու համար, ռուսական գազի փոխանակումը մեծացրել է քաղաքական համերաշխությունն Իրանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի միջև, որը շատ խելացի մոտեցում է և երկրների միջև հանգեցնում է քաղաքական ու անվտանգության կայունության և խաղաղության »: