Հրապարակվել են ԻՀՊԿ-ի «Meraj 532» մահապարտ ԱԹՍ-ի պատկերները
Հրապարակվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Meraj 532» նորագույն մահապարտ ԱԹՍ-ի հնարավորությունների նոր նկարներ։
Meraj 532-ը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի մահապարտ անօդաչու թռչող սարքերի շարքից է, որը 450 կմ հեռահարությամբ կարողանում է 3 ժամ թռչել մինչև 12000 ֆուտ բարձրություն և բարձր ճշգրտությամբ խոցել ցանկալի թիրախները։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի «Ինքնաբավության ջիհադ» կազմակերպությունը մեծ հաջողություններ է գրանցել բոլոր տեսակի հետախուզական, մարտական և մահապարտ անօդաչու թռչող սարքերի նախագծման և արտադրության ոլորտում և ապահովում է այս ոլորտում ԻՀՊԿ-ի կարիքները:
Մինչ Meraj 532-ը,իրանական 1400 թվականին այս ոլորտում ԻՀՊԿ-ի երկու ձեռքբերումներն էին՝ Meraj 504 մահապարտ անօդաչու թռչող սարքը և Meraj 113 ուսումնական անօդաչու թռչող սարքը:
Անօդաչու թռչող սարքերի ոլորտում վերջին երեք տասնամյակում ԻԻՀ առաջադիմությունները միշտ տպավորիչ են եղել, և Իրանի անօդաչու թռչող սարքերը, հատկապես վերջին տասնամյակում, տարածաշրջանային մարտադաշտերում ցույց են տվել իրենց բարձր արժեքը հսկողության և հայտնաբերման, թիրախավորման և հարձակողական գործողությունների իրականացման ոլորտներում:
Iran Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի Հետազոտության և ինքնաբավության ջիհադի կազմակերպության ղեկավար գեներալ Ալի Քուհեսթանին այսօր հայտարարել է « Meraj 532» մահապարտ անօդաչու թռչող սարքի հաջող փորձարկման մասին և ասել. «Այս անօդաչու թռչող սարքը ցամաքային զորքերի մահապարտ անօդաչուների շարքից է, որը նախագծվել և արտադրվել է «Ինքնաբավության ջիհադի» երիտասարդ մասնագետների կողմից»: