Իրանը կանդամակցի ՇՀԿ-ին. ԻԻՀ ԱԳՆ՝ Աբդոլլահյանը ժամկետներ է նշել
(last modified Thu, 01 Jun 2023 14:46:55 GMT )
Հունիս 01, 2023 18:16 Asia/Tehran
  • Իրանը կանդամակցի ՇՀԿ-ին. ԻԻՀ ԱԳՆ՝ Աբդոլլահյանը ժամկետներ է նշել

Իրանն այս տարվա հունիս-հուլիս ամիսներին Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) լիիրավ անդամ կդառնա: Տեղեկությունը հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։

«Իրանի անդամակցությունը ՇՀԿ-ին վերջնականապես կամրագրվի հունիսի 22–ից հուլիսի 22–ն ընկած ժամանակահատվածում։ ՇՀԿ-ի հիմքը կազմող երկրների խորհրդարանների վերջին որոշումն ընդունվել է անցյալ շաբաթ Ղրղզստանի խորհրդարանում, ուստի Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մասնակցությամբ կհայտարարվի այն մասին, որ Իրանը վերջնականապես դարձել է ՇՀԿ-ի մշտական անդամ», - Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքը մեջբերում է Nour News գործակալությունը:

Իրանը 2022 թվականի սեպտեմբերի 15-ին Սամարղանդում հուշագիր է ստորագրել ՇՀԿ անդամ պետության կարգավիճակ ստանալու նպատակով իր պարտավորությունների մասին, իսկ նոյեմբերի 27-ին Ազգային խորհրդարանն ընդունել է կազմակերպությանը Իրանի անդամակցության մասին օրինագիծը։

ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին։ Անդամներն են Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանն ու Ուզբեկստանը։ Դիտորդներն են Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը և Մոնղոլիան, գործընկեր երկրները` Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան: