Իրանը պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանը և պահպանմանը
Դեմ արտահայտվելով կովկասյան տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանն ու միջամտությանն ԻԻՀ նախագահը ներկայացրել է Թեհրանի դիրքորոշումը՝ Ադրբեջանի և Հայաստանի խնդիրները երկխոսության միջոցով լուծելու վերաբերյալ։
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ, Էբրահիմ Ռայիսին բարձր է գնահատել Թեհրանի և Երևանի հարաբերությունները՝ հիմնված պատմական կապերի և հարևանության, ինչպես նաև տարբեր ոլորտներում կառուցողական համագործակցության վրա:
Ընդգծելով տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը՝ Ռայիսին անընդունելի և տարածաշրջանի երկրների շահերին հակասող է որակել Կովկասում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն՝ ընդգծելով Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության պաշտպանության անհրաժեշտությունը։ Նա նաև Իրանի պատրաստակամությունն է հայտնել՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանը և պահպանմանը:
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է Կովկասի տարածաշրջանի վերջին զարգացումները և հայտարարել, որ Երևանը կարևորում է հարաբերություններն Իրանի հետ: Նա շնորհակալություն է հայտնել Իրանից՝ տարածաշրջանի երկրների ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը կարևորելու համար:
Ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններն ու համակողմանի համագործակցությունը զարգացնելու իր երկրի շահագրգռվածությունն ու պատրաստակամությունը՝ Գրիգորյանը հույս է հայտնել, որ տարբեր ոլորտներում երկու երկրների հարաբերությունները կզարգանան: