Մեկնարկել է «Իրանի անձնազոհներ» խոշոր զորավարժությունը
Իրանի մայրաքաղաք Թեհրանում մեկնարկել է «Իրանի անձնազոհներ» զորավարժությունը՝ ժողովրդական խմբերի մասնակցությամբ:
Մասնակիցների թիվը գերազանցել է 400 հազարը։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRNA-ին, զորավարժությունը մեկնարկել է սեպտեմբերի 18-ին, ժամը 08:00-ին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Մոհամմադ Ռասուլոլլահ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Հասան Հասանզադեն ավելի վաղ հայտարարել էր․ «Զորավարժության և հավաքի կենտրոնական վայրը Թեհրանի Էնղելաբ հրապարակն է»։
Գեներալ Հասանզադեն զորավարժությանը մասնակցության համար գրանցվելու վերաբերյալ ասել է․ «Աշխատանքն արդեն իրականացվել է։ «Իրանի անձնազոհներ» նախաձեռնությունն առաջին փուլում եղել է պատրաստակամության հայտարարություն։ Հաջորդ փուլում քաղաքացիները լրացրել են ձևաթղթեր և յոթ ոլորտներում նշել իրենց հետաքրքրության բնագավառները, ինչպիսիք են պատերազմին աջակցությունը, օգնությունն ու փրկարարական աշխատանքները, աղքատության վերացումը, պաշտպանական ոլորտը և այլն»։
Նրա խոսքով՝ այս զորավարժությունը, որը մշակվել է ժողովրդական ուժերի մասնակցությամբ, լինելու է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, Իրանի բանակի ցամաքային ուժերի և իրանական հասարակության տարբեր խավերի միջև աննախադեպ համատեղ ջանքերի ևս մեկ խորհրդանիշ՝ կայուն անվտանգության ամրապնդման և հնարավոր սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ։