Ամիր Աբդոլլահյան. Մենք կոշտ կպատասխանենք Սիրիայում իրանական ուժերի դեմ ցանկացած հարձակման
ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը նախազգուշացրել է, որ Թեհրանը կոշտ կպատասխանի Սիրիայում իրանական ուժերի դեմ ցանկացած հարձակման:
Fars գործակալության հաղորդմամբ՝ Ժնևում Financial Times թերթին տված հարցազրույցում, պատասխանելով ԱՄՆ-ի կողմից Սիրիայում իրանական ուժերի թիրախավորման մասին հարցին, Աբդոլլահյանն ասել է. «Ինձ հասած տեղեկություններով՝ իրանական ուժերը հարձակման չեն ենթարկվել:
Սակայն եթե նման բան տեղի ունենա, Իրանի պատասխանը կոշտ կլինի»: Հարցին, թե Իսլամական Հանրապետությունը շահագրգռվա՞ծ է Գազայի մասով ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցությունների մեջ մտնելու հարցում, Աբդոլլահյանն ասել է. «Գազայի հարցը վերաբերվում է պաղեստինյան խմբերին, և նրանք այս պատմության հիմնական կողմն են:
Ուստի, ասել, թե Իրանն ու ԱՄՆ-ն ուղիղ երկխոսության մեջ են մտնելու Գազայում տեղի ունեցող զարգացումների շուրջ, գուցե այնքան էլ ճիշտ չէ»։
Իսկ հարցին, թե ինչո՞ւ Իրանը պատերազմի մեջ չի մտնում՝ ՀԱՄԱՍ-ին օգնելու համար, Ամիր Աբդոլլահյանը պատասխանեկ է. «Դիմադրությունն ունի մեծ հնարավորություններ: Դուք կտեսնեք, որ ցամաքային պատերազմի դեպքում պատերազմի ճակատագիրը որոշելու են Դիմադրության ուժերը»։